Երեկ, հունիսի 21-ինՙ ամառային գիշերահավասարի օրը, Հայաստանում առաջին անգամ Ֆրանսիայի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ու «Կենտրոն» թաղապետարանի հետ անց է կացվել «Երաժշտության տոն» միջոցառումների շարք: Այդ օրը Ֆրանսիայում Հայաստանի տարվա կապակցությամբ, երբ մեծ շուքով ամենուր ներկայացվել է հայկական երաժշտությունը, Երեւանը միանալով աշխարհի 100 երկրների շուրջ 340 քաղաքներիՙ Փարիզ, Բեռլին, Լոնդոն, Մեդելին, Դուբայ, Սիդնեյ, Սան Պաուլո, Աթենք, Սարաեւո, Հռոմ, Ժնեւ, Հոնկոնգ, Սան Ֆրանցիսկո, Օսակա... իր փողոցներում անվճար հնչեցրեց ամենատարբեր ոճերի եւ ուղղությունների (դասական, ժամանակակից, ջազ, ռոկ, փոփ, ֆոլկ...) երաժշտությունՙ կենդանի կատարումներով:
Երաժշտության տոնը բացօթյա համերգաշարով մեկնարկեց ֆիլհարմոնիկ նվագախումբը «Սերենադ» համույթի հետ Ազատության հրապարակում ժամը 19-ին, ռոք համերգ հնչեց Շառլ Ազնավուր հրապարակում, երիտասարդ երաժիշտների համերգներՙ Մոսկովյան պուրակում: Իսկ ժամը 21-ին կոնսերվատորիային հարող պուրակում երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը հանդես եկավ համերգային նոր ծրագրով: Եվ այսպես, մինչեւ կեսգիշեր:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ