ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության խնդրանքով մեկնաբանելով ղարաբաղյան հարցի կարգավորման ընթացքը հունիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո` հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կրկին կհանդիպեն մի քանի ամսից:
«Պետք է նշել վերջին տարվա ընթացքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների կատարած մեծ աշխատանքը, ինչպես նաեւ գովաբանել երկու նախագահներին, որոնք կարողացան շարժել երկխոսությունը մեռյալ կետից: Գործընթացը շարունակվում է, եւ մենք հույս ունենք, որ նախագահները եւս մեկ անգամ կհանդիպեն մի քանի ամիս անց», «Հանրային ռադիոյի» փոխանցմամբ, ասել է ամերիկացի միջնորդը:
Մեկնաբանելով կասկածները, որ բանակցություններն ավելի դանդաղ կընթանան Հայաստանում, Ադրբեջանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում կայանալիք ընտրությունների պատճառով, Մեթյու Բրայզան ասել է. «Չեմ կարծում, որ ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին: Վերջերս կայացած Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ մենք անհանգստանում էինք. արդյոք ժամանակավորապես չի՞ կանգնեցվի ողջ բանակցային գործընթացը: Դա տեղի չունեցավ: Իսկ հիմա մենք սպասում ենք Հայաստանի նախագահական ընտրություններին»:
«Իհարկե, յուրաքանչյուր նախընտրական արշավ սահմանափակում է քաղաքական մանեւրի դաշտը, սակայն հիմքեր չկան մտածելու, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները վերջ կդնեն բանակցային գործընթացին»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ վերջին 2 տարիների ընթացքում քննարկվող կարգավորման սկզբունքները «կօգնեն վերջնականապես որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով»:
«Արդեն երկու տարի մենք բանակցություններ ենք վարում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքների վերաբերյալ: Այդ սկզբունքները թույլ կտան վերջնականապես որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով, որն, ի դեպ, տեղի է ունենալու այլ նշանակալից իրադարձությունների ֆոնի վրա` Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքներում հայկական զորքերի վերատեղաբաշխում, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ միջանցքի ստեղծում, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղապահ զորքերի տեղակայում: Կանխագուշակել, թե ինչպե՞ս կքվեարկի Լեռնային Ղարաբաղն, անհնար է: Ես կարող եմ ասել, որ կողմերը մոտ են համաձայնությանը, եւ մենք հույս ունենք, որ գործընթացը կվերսկսվի աշնանը», ասել է ամերիկացի դիվանագետը:
Մեկնաբանելով ղարաբաղյան կողմի բանակցային գործընթացի մեջ ներգրավման առաջարկը, Մեթյու Բրայզան նշել է, որ «անցյալում Լեռնային Ղարաբաղը մասնակցել է բանակցություններին, եւ հնարավոր է, կմասնակցի նաեւ ապագայում»: «Ներկայումս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները պետք է նոր շունչ հաղորդեն գործընթացին, որն արդեն տվել է իր արդյունքները», ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ