Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, գոհունակություն հայտնելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի փուլերը հաջողությամբ իրականացնելու առնչությամբ, ընդգծել է, որ գործընկերությունը չի մրցակցում այլ անվտանգության համակարգերի հետ` լինի դա Ռուսաստանը կամ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, հանդիպմանը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն անհանգստություն է հայտնել Ադրբեջանի` Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրից դուրս գալու վերջերս արած հայտարարության կապակցությամբ: Ռոբերտ Սիմոնսը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մոտ ժամանակներս հատուկ քննարկումներ է կազմակերպելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից պայմանագրի հանդեպ մորատորիում հայտարարելու վերաբերյալ:
Ռոբերտ Սիմոնսը կարեւորել է Հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղարար առաքելություններում, բարձր գնահատելով գործընկերությունը մասնավորապես Կոսովոյում: Կողմերն անդրադարձել են Աֆղանստանում գործող ՆԱՏՕ-ի ISAF-ի (Միջազգային անվտանգության աջակցության ուժեր) կազմում Հայաստանից բժիշկներ ներառելու հեռանկարին: Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն, իր հերթին, տեղեկացրել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը մոտ օրերս կունենա զինված ուժերի հարցերով զբաղվող ներկայացուցիչ, ինչը կնպաստի երկրի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ստեղծմանը:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ