«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


ԱՄՈԹ Է ՄԵՐ ՕԴԱՉՈՒՆԵՐԻՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՆՄԱՆ ՍՏՈՐԱՑՄԱՆ

4 տարվա ընթացքում կառավարությունը «չկարողացավ» նրանց վճարել 350 հազար դոլար կազմող աշխատավարձի պարտքը

Նախօրեին կառավարության շենքի առջեւ բողոքի ցույց կազմակերպած «Հայկական ավիաուղիների» նախկին օդաչուները երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել, ներկայացնելու համար արդեն 4 տարի լուծում չստացող իրենց աշխատավարձերի պարտքի պատմությունը:

Նախկին օդաչու Վլադիմիր Պողոսյանը մասնավորապես նշեց, որ «Հայկական ավիաուղիների» սնանկ ճանաչվելուց հետո, անցած 4 տարիների ընթացքում չեն վճարվել ավիաընկերության շուրջ 500 աշխատակիցների աշխատավարձերն ու նպաստները: Սնանկացման հանձնաժողովի նախագահ Հրանտ Ղամբարյանը բացահայտորեն հայտարարել է, որ եթե գումարներ լինեն էլ, ապա այդ աշխատավարձերը չեն վճարվելու, քանի որ դրանք տրվելու են ընկերությանՙ մասնագիտական հիվանդություն ձեռք բերած աշխատակիցներին:

Վլադիմիր Պողոսյանն ընդգծեց, որ «Հայկական ավիաուղիների» սնանկ ճանաչելն արհեստականորեն է արվել` Հայաստանի կառավարության, «Արմավիայի» եւ «Սիբիրավիայի» միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

Նպատակը այս ընկերություններին «Հայկական ավիաուղիների» շուկան տալն էր: Դրա դիմաց «Արմավիան» 10 տարվա ընթացքում պետք է վճարի 10 մլն դոլար: Նախկին օդաչուներն ու մյուս աշխատակիցները գտնում են, որ իրենց 8-9 ամիսների չվճարված աշխատավարձերն ու նպաստները կարող են վճարել թեկուզ այդ գումարից:

Աշխատավարձերի վճարման մեկ այլ տարբերակ է Սեւանի ավազանում «Հայկական ավիաուղիներին» պատկանող 26 հա հողերի վաճառքը եւ դրանից ստացվելիք գումարը: Եթե այդ հողի 1 քմ-ն վաճառվի 20 դոլարով, ապա ստացված գումարը ավելի քան բավարար է բոլոր տեսակի պարտքերը մարելու համար:

«Ի վերջո որքա՞ն է կազմում այդ պարտքը» լրագրողների հարցին օդաչուների տված պատասխանը պարզապես զարմանք առաջացրեց: Պարզվում է, որ խոսքն ընդամենը մոտ 350 հազար դոլար գումարի մասին է, որը սնանկ ճանաչված պետական ավիաընկերության օդաչուներին կառավարությունը չի կարողանում վճարել ամբողջ 4 տարվա ընթացքում: Ճիշտ է, օդաչուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը խոստացել է հանձնաժողով ստեղծել եւ լուծումներ գտնել, ինչի մասին հայտնեց Վլադիմիր Պողոսյանը, բայց այն վիճակը, որում հայտնվել են մեր օդաչուները, այլ կերպ, քան խայտառակ համարել չի կարելի:

Մի՞թե, օրինակ, խորհրդային տարիներին շինարարական կոոպերատիվներ ստեղծած մարդկանց չգիտես թե ինչ տրամաբանությամբ փոխհատուցման գումարներ տրամադրող կառավարությունը միջոցներ չի կարողացել գտնել 4 տարվա ընթացքում օդաչուներիՙ այդ դժվարին եւ խիստ յուրահատուկ մասնագիտություն ունեցող եւ աշխատանք կատարող մարդկանց աշխատավարձերը վճարելու համար: Պարզապես ամոթ է մեր օդաչուներին ենթարկել նման ստորացումների, հարկադրել նրանց դուրս գալու բողոքի ցույցի կառավարության առջեւ: Եթե այդ գումարն անհրաժեշտ լիներ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաների, դատախազների, դատավորների կամ պատգամավորների աշխատավարձերը կամ ապագա թոշակները կտրուկ բարձրացնելու համար, ապա պետական բյուջեից անմիջապես կգտնվեր վերոնշյալ 350 հազար դոլարը մի քանի անգամ գերազանցող գումար:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4