Երբ 2007-ի սկզբին Էջմիածնում սկսեց գործել «Մեր տունը» հասարակական կազմակերպությունը, քաղաքի բնակիչները զարմանալով հետաքրքրվեցին` ովքե՞ր են բնակվում այս գեղեցիկ տանը, որի վրա այդպես վստահաբար հայտարարված է` մե՛ր տունը: Պարզեցին, որ իրենց նոր հարեւանուհիները Գավառի մանկատան երբեմնի սաներն են, որ արդեն չափահաս են, բայց ապրելու տեղ եւ սեփական տարրական կարիքները հոգալու համար հնարավորություն չունեին: Թերեւս այդ է պատճառը, որ տանտիրուհիների համար «Մեր տունը» հասկացությունը մի քիչ այլ է: Դա նոր ճանապարհի նախամուտք է եւ միջանկյալ օղակ, որ թույլ է տալիս տանիք զգալ գլխավերեւում, մինչեւ կայանան որպես մասնագետ, որպես չափահաս, ձեռք բերեն ինքնավստահություն եւ հաղթահարեն այս մեծ աշխարհում միայնակ լինելու մտահոգիչ բարդույթը:
«Այս ծրագրի ստեղծումը թելադրվեց մանկատան երբեմնի սաների վիճակով, պատմում է «Մեր տունը» ՀԿ-ի նախագահ Տիգրանուհի Կարապետյանը, որ 18 տարի հոգում է Հայաստանում մանկատանն ապրող երեխաների որոշ հոգսերը: Երբ Գավառի մանկատան սաներից մեկը մի երեկո զանգահարեց ու պատմեց, որ ինքը մնացել է փողոցում ու չգիտի որտեղ գիշերի (քեռին ծեծել ու դուրս էր վռնդել ծնողազուրկ տղային), հասկացա, որ մանկատանը մեծացած եւ այնտեղից դուրս եկած երիտասարդներն ու աղջիկներն անպաշտպան են նույնչափ, որչափ մանկատուն մտնելիս: Ինձ հուզեց հատկապես աղջիկների ճակատագրի մասին մտավախությունը, քանի որ հայտնվելով մանկատան պատերից դուրս, նրանց ճակատագիրը թողնվում է փողոցին ու պատահականության քմահաճույքին: Բարեբախտաբար, Գավառի մանկատանը կից ստեղծված համապատասխան հանրակացարանը հուշեց ելքը»: Տիգրանուհին եւ նրա ամուսինը, որ ամերիկահայերի ստեղծած CASP ծրագրի նախկին պատասխանատուներն են Հայաստանում, սկսում են հովանավորներ փնտրել` մանկատան ճանապարհն անցած երիտասարդներին ժամանակավոր անկյունով ապահովելու համար: Ամերիկահայ բարերարներ Ջուլի եւ Կլեմենտ Աշըգյանները, որոնք CASP-ի երախտավորներն են, նորից բերում են իրենց սերն ու նվիրումը Հայաստանի երեխաներին եւ սփյուռքահայերից նվիրատվություն են հավաքում «Մեր տան» համար: Առանձնատունը «Մեր տան» համար գնվել է Ֆիլադելֆիայում բնակվող սրտաբան Կարո Ղարիբյանի նվիրատվությամբ: Տիգրանուհին պատմում է, թե ինչ արագությամբ ու հոգածությամբ է վերանորոգել Զոյայի փողոցում գնված ընդարձակ առանձնատունը, վերածելով բազմաթիվ սենյակներով երկհարկանի տան, ուր հարմարավետությունն ու ջերմությունը 17-23 տարեկան աղջիկներին նույն օրորն են ասում, ինչ դեռ չունեցած հարազատ օջախինը: Այս պահին ծրագրի խնամարկյալներն են տասն աղջիկներ, որոնք ոչ միայն ապահով ապրում են «իրենց տանը», այլեւ կրթություն են ստանում: Նրանց սննդի հարցն էլ Էջմիածնի քաղաքապետարանն է լուծում, որի աշխատակիցները աղջիկների համար սպասված հյուրեր են: «Լոս Անջելեսի հայ կրթական հիմնարկությունը, մի շատ բարի անձնավորության` Հրանտ Տեր-Սարգսյանի ղեկավարությամբ գումար հատկացրեց, որով երկու տարի կհոգանք երեք աղջիկների համալսարանական կրթությունը Էջմիածնի Սբ. Գրիգոր Լուսավորիչ համալսարանում մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետում (ի դեպ, Հրանտ Տեր-Սարգսյանի հավաքած գումարի շնորհիվ ավելի քան 50 ծնողազուրկ կամ սոցանապահով ընտանիքների երեխաներ Հայաստանի տարբեր մարզերից իրենց ուսումնական վարձերը փակելու հնարավորություն ունեն): Մասնավոր դասընթացների են գնում մյուս աղջիկները, որոնցից մեկը խոհարար, մյուսները` բուժքույր, գորգագործ, դիզայներ եւ այլ մասնագետներ կդառնան: Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրին ամսական 3000 դրամ ենք հատկացնում սեփական հայեցողությամբ ծախսելու համար»: Տիգրանուհին աղջիկների կենցաղավարությունն այստեղ կարեւորում է այն հանգամանքով նաեւ, որ շատ վաղուց ընտանեկան հարկի կարգ ու կանոն չտեսած աղջիկները պատկերացում կազմեն դրանց մասին: «Չէ՞որ վաղը հարս են գնալու, պատրաստ լինեն ընտանիք ունենալու», ասում է Տիգրանուհին: Նա նաեւ նշում է, որ աղջիկները հարմարվելու եւ վերափոխման խնդիր ունեն, քանի որ նրանց համար անսովոր է մի հարկի տակ միեւնույն պարտականություններով եւ իրավունքներով ապրելը: «Սկզբում իրարից խռովում էին, ամիսներով իրար հետ չէին խոսում, հիմա աստիճանաբար հարմարվեցին», ասում է Տիգրանուհին:
Դիանան 18 տարեկան է: Ծնողներից որեւէ տեղեկություն չունի: Ասում է, որ Ղարաբաղից Գավառի մանկատուն է տեղափոխվել ութ տարեկանում, երկրորդ տեղափոխությունը յոթ ամիս առաջ էր` եկավ «Մեր տուն»: «Եթե այս տունը չլիներ, Տիգրանուհին չլիներ, ես չգիտեմ ո՞ւր պիտի գնայի», ասում է աղջիկը, որ պատրաստվում է հոգեբան-մանկավարժ դառնալ: Նա մի տեսակ պարծենկոտ է թվում. «Գորգ գործում եմ, կարպետ, հելունագործություն, ասեղնագործություն ու մաքրամե անում եմ, շյուղով էլ գործել գիտեմ»: Դիանան երազում է անպայման ավարտել բուհը, ընտանիք եւ աշխատանք ունենալ: Իր հետ ապրող աղջիկների մասին ասում է, որ շատ տարբեր են, բայց քանի որ պարապ չեն մնում` առավոտից մաքրություն են անում իրենց տանը կամ գորգ են գործում, երեկոներն էլ հեռուստացույց են նայում, կարծես վարժվում են միմյանց: 17-ամյա Լիլիթը վարդենիսցի է, սովորում է Դիանայի հետ նույն ֆակուլտետում: «Ոչ մի բանի պակաս չունեմ», հավատացնում է նա: Մեր խնդրանքով նա իր գիտակցած ճշմարտություններից մեկն է բարձրաձայնում. «Պետք չէ քննադատել այն ծնողին, որ գուցե աշխատանք չունենալով, կարիքից դրդված երեխային մանկատուն է հանձնում: Պետք է հասկանալ նրա վիճակը, ներել նրան»: 21-ամյա մի աղջիկ էլ պատմում է, որ ընդամենը վերջերս է եկել «Մեր տուն»: Քույրը 5-րդ դասարանում է, ապրում է Կամոյի մանկատանը, նրա պատճառով մի քիչ ուշ միացավ «Մեր տան» բնակիչներին: Ասում է, որ իր բախտը բերել է երկու անգամ` մեկ անգամ մանկատանը հայտնվելով, հաջորդ անգամ` այստեղ: «Ավելի լավ է մանկատանը կամ այստեղ լինեմ, քան փողոցում», ասում է նա: Ապագա բուժքույրը հույս ունի, որ շուտով պետությունն իրեն հասանելիք տունը կտա, մինչ այդ «Մեր տունը» փորձառություն կտա նրան` ինքնուրույն մտնել կյանքի նոր փուլ: Մեր մյուս զրուցակից աղջիկները գրեթե նույն պատմությունն են պատմում, մանկատուն-մեր տուն ճանապարհը նույնկերպ են անցել ու գոհ են բախտից, որ հնարավորություն ունեն ոչ միայն ուսանելու, մասնագիտություն ստանալու, այլեւ սեփական մահճակալն ու անկյունն ունենալու, մինչեւ կյանքը ցույց կտա հաջորդ հանգրվանը:
«Չհղկված են, չեն հասկանում ի՞նչ ասել է ընտանիք: Դրա համար նրանց հետ աշխատում եմ, գրքեր եմ հանձնարարում կարդալ», ասում է Գայանե Գալստյանը: Նա ե՛ւ հերթապահում է «Մեր տանը» օրումեջ 18.00-ից մինչեւ 9.00, ե՛ւ երեխաներին արվեստի պատմություն դասավանդում: «Նրանք ձգտում են ընտանիք ստեղծել եւ այժմվանից ծրագրում են, եթե աղջիկ ունենան, ինչպե՞ս են դաստիարակելու, տղային` ինչպես», պատմում է զրուցակիցս: Մինչ նրանց երազանքների իրականացումը, Գայանեն պատմում է, որ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետի ուսանողները նրանց շատ գրքեր են նվիրել, եւ իրենք սիրով սպասում են նոր նվիրատվությունների` հատկապես գրքերի տեսքով:
Իսկ մեզ աղջիկները խնդրեցին կազմակերպել հանդիպում իրենց սիրած աստղերի հետ: Անգամ ցուցակ տվեցին, որտեղ գրված են «Մեր տան» պատվավոր անդամ եւ աղջիկների սիրելի բարեկամ Արտո Թունջբոյաջյանի, նաեւ` Անդրեի, Քրիստինե Պեպելյանի, Հասմիկ Կարապետյանի, Արազ Դարեի, Արման Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Արմենչիկի, Ավետ Բարսեղյանի եւ Ֆելիքս Խաչատրյանի անունները (ինչ անենք, որ երեխաները միայն այս եւ նման անուններին են ծանոթ հեռուստատեսությունից): Աղջիկները հույս ունեն, որ թվարկված արտիստներից գոնե մի քանիսը կլսեն եւ կընդունեն իրենց հրավերը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ