Երեւանի պետական, ճարտարագիտական, ամերիկյան, հայ-ռուսական համալսարանների, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Մրցունակ մասնավոր սեկտոր Հայաստանում» ծրագրի կազմակերպած Տեղեկատվական տեխնոլոգիաների կարիերայի առաջին տոնավաճառի այցելու ուսանողները մեծ ոգեւորությամբ էին անցնում տաղավարից-տաղավար, թողնում իրենց տվյալները կամ ծանոթանում ներկայացված ընկերությունների աշխատանքային առաջարկներին:
Boomerang Software, Virage Logic, Broncoway, Instigate, Synergy, VivaCell եւ այլ, ընդհանուր թվով 28 ընկերությունների ներկայացուցիչները ոչ միայն ներկայացնում էին իրենց կազմակերպությունները, այլեւ բավականին մանրամասն բացատրում, թե ինչ է ենթադրում այս կամ այն աշխատանքային առաջարկը: «Այսպիսի հնարավորություններ չեն լինում երբեք, գնում ենք ընկերությունից-ընկերություն, ինքներս ենք առաջարկում մեր տվյալները, թողնում կոորդինատներ: Այս անգամ էլ այստեղ մի քանիսի մոտ թողել ենք մեր տվյալները, բայց թե կզանգեն, պետք կլինենք, թե ձեւական է` պարզ կլինի հետո», «Ազգի» հետ զրույցում սեփական մոտեցումներին ծանոթացրեցին Երեւանի պետական համալսարանի մի քանի ուսանողներ:
Նրանց վկայությամբ, ավելի հաճախ նորավարտ մասնագետներին կամ էլ հենց ուսանողական տարիներին առաջարկվում են աշխատանքներ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, որ լավ են վարձատրվում ու հարմար պայմաններ են առաջարկում: «Բայց դրանք այնքան քիչ դեպքեր են, որ մյուսների համար մնում է ուժեղ մրցակցությունը, կամ էլ գնում են Հայաստանից», պարզաբանեցին ուսանողները:
Ամեն դեպքում, կարիերայի ցուցահանդեսի անդրանիկ իրագործումը հնարավորություն էր երիտասարդների համար աշխատանքային շուկայում կողմնորոշվելու ու մրցունակ լինելու ունակություններ զարգացնելու համար: Ցուցահանդեսին ներկայացած ընկերություններն էլ, բնականաբար, հնարավորություն են ձեռք բերում գտնելու ավելի պատրաստված ու համապատասխանող կադրեր: Ինչեւէ, ցանկալի կլիներ մյուս մասնագիտությունների գծով եւս նման միջոցառումների իրագործումը, քանի որ ՏՏ ոլորտում այսպես, թե այնպես մասնագետներն ու գործատուները գտնում են միմյանց, եւ ոլորտն էլ, իր հերթին, շահեկանորեն տարբերվում է մյուսներից երիտասարդներին ընձեռվող հնարավորություններով եւ մրցակցության առկայությամբ:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ