Վերջերս Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարանի հանդիսությունների դահլիճում Ռուբեն Մաթեւոսյանի եւ Սվետլանա Գրիգորյանի հետ միասին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան հանձնվեց գրող, հրապարակախոս, «Ազգ» թերթի լավագույն բարեկամ Պերճ Զեյթունցյանին, որի համար մեր թերթի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է մրցանակակրին:
Մրցանակի հանձնման ժամանակ կարդացվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի Կոնդակը, որում մասնավորապես ասված էր. «Հարգարժան պարոն Զեյթունցյան, տաղանդավոր հայորդուդ անունն ու գրական գործունեությունը հանրաճանաչ են ընթերցասեր լայն շրջանակներում: Դուք արժեքավոր ստեղծագործություններով բարեզարդում եք հայ գրականության հարուստ անդաստանը` ազգասեր ու հավատավոր մտավորականի Ձեր արժանավոր մասնակցությունը բերելով մեր մշակույթի նորոգ զարթոնքին ու հասարակական կյանքի առաջընթացին: Ձեր գրական գործերը, որ հատկանշվում են խոհափիլիսոփայական մտածողությամբ, ընթերցողին վեր են բարձրացնում առօրյա իրականությունից, հաղորդակցում ճշմարիտ ու մնայուն արժեքներին, մարդկային վեհագույն խոհերին ու ձգտումներին: Այսօր Ձեր պիեսները հաջողությամբ բեմադրվում են մայրաքաղաքի թատրոններում` մեծ ընդունելության արժանանալով թատերասեր հասարակության կողմից»: