Հարգելի պարոն խմբագիր
Կարդալով 2007 թ.-ի հունիսի 2-ի Ձեր թերթի «Սերիալների սերիա՜լ, «Կրքոտ կանա՜յք»...» վերտառությամբ Գորիսից Լենա Հովսեփյանի հոդվածը, միանգամայն համամիտ լինելով նրա մտահոգությանը, ցանկանում եմ ես եւս իմ մտահոգությունն արտահայտել այդ կապակցությամբ:
Բանն այն է, որ մեր ժամանակներում հասարակությունը դեգրադացնելու ավելի ու ավելի նուրբ մեթոդներ են կիրառվում թշնամի ուժերի կողմից: Բոլորին է հայտնի, թե ինչպես բացահայտվեց ճապոնացիների կողմից մուլտֆիլմերի միջոցով, որոնցում դեղին գույնը որոշակի հաճախականությամբ էր ցուցադրվում, էպիլեպտիկ նոպաների պրովոկացիան, կամ տարբեր աղանդների միջոցով դավանանքի եւ կրոնի ազատության քողի տակ նույն նպատակն է հետապնդվում:
Բոլորիս է հայտնի հեռուստահաղորդումների դերը հասարակության դաստիարակման հարցում եւ նրա մեծ հզորությունն ու կարողությունը: Հայկական ավանդական ընտանիքը մեր փոքր պետության, ազգի հիմքն է: Տարբեր այդ սերիալներն արդյոք նպատակ չունե՞ն խարխլելու հայկական ընտանիքի ավանդույթները: Սովետական ժամանակներում ֆիլմ ցուցադրելու թույլտվության ժամանակ բավականին մանրակրկիտ ուսումնասիրվում էին բոլոր հանգամանքները: Իսկ այժմ արդյոք բարեխիղճ ձեւով ուսումնասիրվում է այդ հարցը, թե այդպիսի ֆիլմերի թույլատրությունը տեղի իշխանավորներից «գնվում է», ինչպես շատ-շատ բաներ: Այս հարցին հարկավոր է մոտենալ ազգային անվտանգության հարցի տեսանկյունից: Վստահ եմ, որ այն չի արվում, իսկ հետո երբ գլխի կընկնեն, ուշ կլինի: Արդյոք որեւէ հետազոտություն արվել է, թե այդ ֆիլմերի պատճառով (նրանցում տեղ գտած ապրելաոճի եւ գաղափարների) քանի՜-քանի՜ ընտանիքներ են քանդվել, իսկ քանիսն էլ խեղաթյուրվել:
Վաղն ուշ կլինի, հարկավոր է այս հարցին մոտենալ ազգային անվտանգության հարցի տեսանկյունից:
Հարգանքով` Ս. ԱՎԱԳՅԱՆ, Երեւան