Կրթական վերափոխումների զեկույցը մտահոգություններ է հայտնում
Երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում ներկայացված Մարդկային զարգացման ազգային զեկույցն այս անգամ նվիրվել է կրթական բարեփոխումներին եւ զարգացման հավանական միտումներին: Այն արտացոլում է նաեւ ոլորտում առկա իրողությունները: Ամենակարեւորը, որ ակնկալում են փորձագետներն այն է, որ այս զեկույցը կրթական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների լայն ասպարեզ կարող է բացել, ավելին, նպաստել նոր բարենորոգումների: Հայ փորձագետների խումբը ղեկավարել է Սերոբ Խաչատրյանը, իսկ զեկույցի միջազգային փորձագետը ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի կրթության պլանավորման եւ կառավարման դոկտոր Թոմաս Ուելշն է:
Արդյոք ո՞ր ուղղությամբ է ընթանալու վերջապես Հայաստանի կրթական տեսլականը` ռեգիոնալ ավանդույթներին զուգընթա՞ց, թե՞ սեփական հունով, յուրացնելով նաեւ այլ երկրների փորձի լավագույնը: «Հայաստանը լիովին վաստակել է համաշխարհային կրթական համակարգին համընթաց գնալու եւ այնտեղ իր տեղն ունենալու իրավունքը», երեկ զեկույցի շնորհանդեսի ժամանակ այսպիսի լավատեսություն հայտնեց կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Կրթական համակարգը երեւի թե մեր ազգային անվտանգության խնդիրներին ամենից ավելի կապված ոլորտն է, քանի որ, ի վերջո, նրա զարգացման մակարդակից ու վիճակից է կախված, թե բարոյական ինչպիսի արժեքների է դավանելու մեծացող սերունդը, ժամանակակից կրթական չափանիշներին ինչքանո՞վ համապատասխան են լինելու նրա ստացած կրթությունն ու դաստիարակությունը: Մեր կրթական համակարգում, իհարկե, անցած տարիներին բազմաթիվ դրական փոփոխություններ եղել են եւ ֆինանսավորման չափերի մեծացման, եւ նորմատիվ դաշտում, եւ հատկապես դպրոցներ ծառայող հին ու խարխլված շենքերն ու տնակային կառույցները նորակառույցներով փոխարինելու առումով: Սակայն իշխում է նաեւ այն տեսակետն ու իրողությունը, որ չնայած անցումային շրջանի բազմաթիվ փորձարարություններին ու բարեփոխումներին, մեր կրթական համակարգն ավելի շատ պահպանողական վարքագիծ դրսեւորեց` չհարմարվելով զարգացման ժամանակակից միտումներին:
Ասել է թե, այն ճկունություն չցուցաբերեց, եւ այդ հատկանիշը հիմա ներարկել նրան, բավական դժվար է լինելու: Մանավանդ եթե նկատի ենք առնում նաեւ այն արատավոր իրողությունները, որոնցից համակարգը չի կարողացել ձերբազատվել: Եթե հաշվի ենք առնում այն տվյալները, որ ներկայացված են, օրինակՙ «Կրթությունը Հայաստանում» տարեգրքում: Այդ տվյալները եւս ներկայացնում է զեկույցը: Ըստ այդմ, հանրապետությունում արձանագրվում է դպրոցից դուրս մնացող երեխաների թվի բավականին զգալի աճ: Վերջին մի քանի տարիների ընթացքում այդ թիվը 4 անգամ աճել է: 2002-2003 ուսումնական տարում դպրոցներից դուրս եկած աշակերտների թիվը եղել է 1531, 2006-թվականին` 6482:
Մտահոգիչն այն է, որ դպրոցից դուրս մնացած երեխաների 40 տոկոսն այն հարցմանը, թե ինչո՞ւ է լքել դպրոցը, պատասխանել է, որ չի ուզում սովորել:
Հայաստանից արտագաղթող աշակերտների թիվը եւս շարունակում է գերազանցել ներգաղթողների քանակին, թեեւ վերջին տարիներին այդ տարբերությունը մի քիչ մեղմացել է:
2003-ին Հայաստանից արտագաղթել է 4647 աշակերտ, ներգաղթել` 1789, իսկ 2006-ին այդ ցուցանիշները համապատասխանաբար եղել են 3094 եւ 2209:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն, Հայաստանը հետընթաց է արձանագրել նաեւ տարրական դասարաններում սովորողների ընդգրկվածության (մինչեւ 5-րդ դասարան դպրոց հաճախողների), չափահասների գրագիտության ցուցանիշներով: Արդյունքում` Հայաստանը 12-րդ տեղից նահանջել է 29-րդ տեղը:
Զեկույցը բանաձեւում է մի քանի դրույթներ, որոնք պիտի նպաստեն իրատեսական ու իսկապես արդյունավետ կրթական քաղաքականության իրականացմանը: Դրանցից առաջինն առաջարկում է կրթական քաղաքականությունը գնահատել ուսումնառության արդյունքով, ինչպես է ցանկացած փոփոխության, գիտափորձի ու փորձարարության դեպքում: Այդ արդյունքի մեջ պիտի հասկանալ ե՛ւ ավարտական քննությունները, ե՛ւ ուսումը շարունակող շրջանավարտների ցուցանիշը, ե՛ւ շրջանավարտի հմտությունների համապատասխանումը աշխատաշուկայի պահանջներին: Նշված բոլոր ասպարեզներում տարիներ չլուծված ու կարծրացած հիմնախնդիրներ կան, եւ ամենից առաջ դպրոցական կրթության որակի կտրվածքով:
Զեկույցն ամրագրում է այն իրողությունը, որ դպրոցական գիտելիքները գերակշիռ մեծամասնությամբ չեն բավարարում, որպեսզի շրջանավարտը բուհ ընդունվի: Այս առթիվ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքը եւս այդ է ապացուցում: Հարցումները ցույց են տվել, որ միջնակարգ դպրոցի շրջանավարտների 47 տոկոսն օգտվում է կրկնուսույցի (ռեպետիտորի) ծառայություններից, երբեմն` երկու, երեք առարկաներից, շաբաթական ծախսելով 30-35 ժամ, տարեկան ծախսելով 200 հազարից մինչեւ 500 հազար դրամ: Դա նշանակում է, որ 10-րդ դասարանցին ընկնում է գերծանր բեռնվածության տակ: Պետական դպրոցում ուսուցումը դառնում է ձեւական, ծնողը շատ հաճախ նախընտրում է գործարքի մեջ մտնել ուսուցչի, տնօրենի հետ, վճարել, որպեսզի երեխան դպրոց չգնա եւ կրկնուսույցի մոտ պարապելու հնարավորություն ունենա: Սա իր հերթին նպաստում է կոռուպցիոն ռիսկերի ծաղկմանը եւ դպրոցի վարկաբեկմանը: Այսինքն, կրթական համակարգը կորցրել է գիտելիքներ, հմտություններ, բարոյական արժեքներ տարածողի եւ գերիշխողի դերակատարումը: Երեխաները գնում են դպրոց, որովհետեւ պարտավոր են գնալ, իսկ բուհ ընդունվելու համար հարկադրված են լրացուցիչ պարապել:
Մյուս կողմից, բավական թանկ կրկնուսույցի ինստիտուտը մրցակցային անհավասար պայմաններ է ստեղծում բուհի այն դիմորդների համար, ովքեր կրկնուսույցների ծառայություններից օգտվելու ֆինանսական միջոցներ չունեն: Դա հատկապես վերաբերում է գյուղական դպրոցների շրջանավարտներին:
Սա նշանակում է, որ կրթությունը եւս դարձել է հասարակության սոցիալական բեւեռացման արտահայտություններից մեկը:
Մյուս կողմից, ավանդաբար կրթասեր եւ ուսումնապաշտ մեր ժողովրդի մեջ, կարծես թե, աստիճանաբար այդ մեծ ու անգնահատելի սերը տեղի է տալիս այլ արժեքների: Կրթական համակարգում չընդգրկվածության վերաբերյալ հետազոտության տվյալներով 3-65 տարեկան հետազոտված բնակչության շուրջ 70 տոկոսը ընդգրկված չէ կրթական օղակի որեւէ փուլում: Այդպիսին է 30-44 տարեկանների 99,7 տոկոսը, եւ մինչեւ 30 տարեկանների 42 տոկոսը: 45-65 տարեկան հարցվածներից ոչ ոք չի պատասխանել, թե զբաղվում է իր գիտելիքների կատարելագործմամբ:
Նման պայմաններում այն ուղերձները, որ հղում է Մարդկային զարգացման զեկույցը կրթական ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ, տեսլական մնալու մտավախություն են առաջացնում: Նման հեռանկարի չարժանանալու համար, անշուշտ, պետք է լրջորեն հետազոտել հասարակության տրամադրություններն այս հարցերի վերաբերյալ, գտնել այն հանգուցային խնդիրներն ու դրույթները, որոնց վերաբերյալ նա միասնական դիրքորոշում ունի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ