«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


«ՄԵՂԱՎՈՐ ՉԵՄ, ՈՐ ՎՐԱԵՐԹԻ ԵՄ ԵՆԹԱՐԿՎԵԼ», ԱՍՈՒՄ Է Մ. ՄԱԿԱՐՅԱՆԸ

Երեկ Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում (դատավոր` Գ. Կարախանյան) շարունակվեց մեր թերթի աշխատակցուհի Մարիետա Մակարյանի հայցի լսումն ընդդեմ «Բի լայն» ՍՊԸ-ի տնօրեն, ավտովարորդ Արտակ Զաքարյանի: Վերջինիս հայցվորը ներկայացնում է 1,866 355 դրամի փոխհատուցման պահանջ: Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 16-ին «Բի լայն» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Զաքարյանն իր «Սուզուկի» մակնիշի 959 OL 64 պետհամարանիշի մեքենայով, խախտելով ճանապարհաերթեւեկության կանոնները, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սթար» խանութի մոտակայքում կանգնած Մ. Մակարյանին վրաերթի է ենթարկել` պատճառելով նրան մարմնական վնասվածքներ, ինչպես նաեւ հոգեկան ցնցում: Ա. Զաքարյանը խնդրել է Մ. Մակարյանին չբողոքել եւ խոստացել հաջորդ օրն առավոտյան տանել բժշկի: Սակայն իր խոստումը չի կատարել եւ բացի տուժողին տուն հասցնելուց եւ իր այցեքարտը նրան թողնելուց, այլեւս չի հետաքրքրվել նրա առողջական վիճակով, մինչդեռ Մ. Մակարյանը հավատացել է նրան եւ սկզբնական շրջանում չի դիմել ո՛չ ոստիկանությանը եւ ո՛չ էլ բուժաշխատողներին` ապացուցողական վկայություններ ձեռքբերելու համար: Երեկվա դատական նիստին Մ. Մակարյանի փաստաբան Անժելա Հոբոսյանը կասկածի տակ դրեց Ա. Զաքարյանի մարդասիրական մղումները եւ տուժածին տուն հասցնելն ու նրա խոստումները որակեց դիտավորություն, քանի որ դրանից հետո Ա. Զաքարյանը չի կատարել իր խոստումներից ոչ մեկը:

Ի դեպ, Ա. Զաքարյանը բացակայում էր դատական նիստից հարգելի պատճառով, օրեր առաջ մահացել է նրա մայրը: Սակայն պատասխանող կողմի ներկայացուցիչները ցանկություն չհայտնեցին դատը հետաձգելու եւ պատշաճ համբերատարությամբ լսեցին հայցվոր կողմի առարկություններն իրենց նախորդ նիստին հնչեցրած առարկություններին: Պատասխանող կողմը դատական նիստից հետո հրաժարվեց զրուցել մեզ հետ, չնայած դա կօգներ երկուստեք լուսաբանված հրապարակում ունենալուն: Իսկ հայցվոր կողմի փաստաբանը օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից: «Ես գտնում եմ, որ հայցի ծախսային մասին անդրադառնալը պատասխանողի կողմից բոլորովին բարոյական նորմերի շրջանակում չի, մանավանդ որ նա վճարունակ է եւ ներկայացնում է համբավավոր կազմակերպություն», ասաց Ա. Հոբոսյանը:

Դատական նիստը կշարունակվի հուլիսի 6-ին, ժամը 14.00-ին:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4