«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#116, 2007-06-21 | #117, 2007-06-22 | #118, 2007-06-23


ՆՈՐ ՄԵԿՆԱՐԿԻ ՇԵՄԻՆ

«Արարատը» Եվրոգավաթների մրցաշարերում

Վեցամյա ընդմիջումից հետո Երեւանի «Արարատը» կրկին իրավունք է ստացել հանդես գալու եվրոպական գավաթների խաղարկությունում: Այսօր Ինտերտոտոյի գավաթի մրցաշարի առաջին փուլում արարատցիները կհյուրընկալվեն Բելառուսի առաջնության բրոնզե մրցանակակիր Սոլիգորսկի «Շախտյորին»: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 1-ին, Երեւանում: «Արարատի» ելույթները Եվրոգավաթներում կարելի է պայմանականորեն բաժանել երկու մասի. խորհրդային շրջան, երբ թիմն արժանապատվորեն ելույթներ էր ունենում միջազգային ասպարեզում, եւ անկախության շրջան, որի ժամանակ արարատցիներին 3 անգամ հաջողվել է հաղթահարել միայն առաջին փուլի արգելքը:

Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստները մասնակցել են եվրոպական բոլոր չորս գավաթների խաղարկությանը: Եվրոպական մրցասպարեզում թիմի նորամուտը կայացել է 1972 թ. սեպտեմբերի 13-ին: Այդ օրը 1971 թ. ԽՍՀՄ առաջնության արծաթե մրցանակակիր արարատցիները Կիպրոսի Լառնակա քաղաքում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում ուժերը չափեցին տեղի ԷՊԱ թիմի հետ: Հանդիպման ելքը վճռեց 57-րդ րոպեին Նիկոլայ Ղազարյանի կատարած հարվածը, որից հետո ԷՊԱ-ի պաշտպան Վասիլիուն գնդակը շեղեց սեփական դարպասը: Այդ տարի «Արարատը» հասավ մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ դրամատիկ պայքարում, միայն 11մ հարվածաշարով զիջեց գերմանական «Կայզերսլաուտեռնին»:

Արարատցիներն ամենամեծ հաջողությանը հասել են Չեմպիոնների գավաթի 1974/75 թթ. խաղարկությունում: Հաջորդաբար հաղթելով նորվեգական «Վիկինգին» (2-0, 4-2), Իռլանդիայի «Սելթիկին» (2-1, 5-0)` արարատցիները 1/4 եզրափակիչում մրցեցին հզոր «Բավարիայի» հետ, որի կազմում հանդես էին գալիս աշխարհի հինգ չեմպիոններ` Մայերը, Շվարցենբեկը, Բեկենբաուերը, Մյուլլերն ու Հյոնեսը: Մարտի 5-ին Մյունխենում կայացած խաղում արարատցիները լուրջ դիմադրություն ցույց տվեցին ահեղ մրցակցին: Եվ միայն խաղի վերջին 12 րոպեներին դաշտի տերերին վերջապես հաջողվեց կոտրել արարատցիների դիմադրությունն ու 2-0 հաշվով հաղթանակ տոնել:

Մարտի 19-ին լեփ-լեցուն «Հրազդանում» «Արարատը» համառ ու անզիջում պայքարում հաղթեց «Բավարիային»: Հանդիպման 34-րդ րոպեին Բեկենբաուերի հետ օդային պայքարում հաղթող դուրս գալով` Արկադի Անդրեասյանը գլխի հարվածով խոցեց Մայերի պաշտպանած դարպասը` հաղթանակ պարգեւելով արարատցիներին: Հարկ է նշել, որ այդ տարի «Բավարիան» նվաճեց չեմպիոնների գավաթը` միակ պարտութունը կրելով «Արարատից»:

1975 թ. Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Արարատը» յուրօրինակ ռեկորդ սահմանեց խորհրդային թիմերի մեջ` 9-0 հաշվով ջախջախիչ պարտության մատնելով Կիպրոսի «Անորտոսիսին»: Այդ խաղում Էդուարդ Մարգարովը 5 գոլի հեղինակ դարձավ` խորհրդային ֆուտբոլիստների մեջ դառնալով յուրօրինակ ռեկորդակիր:

Անկախացումից հետո «Արարատը» Հայաստանի թիմերից առաջինն էր, որ մեր երկիրը ներկայացրեց Եվրոգավաթներում: ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլում «Արարատը» 1994 թ. օգոստոսի 9-ին Սոֆիայում մրցեց տեղի ԲԿՄԱ-ի հետ եւ պարտվեց 0-3 հաշվով: Պատասխան խաղում գրանցվեց ոչ-ոքի (0-0): Հաջորդ տարի Գավաթակիրների գավաթի խաղարկությունում «Արարատն» իսկական մարզական սխրանք գործեց: Առաջին խաղում 0-2 հաշվով զիջելով լեհական ԳԿՍ թիմին` արարատցիները «Հրազդանում» Սամվել Դարբինյանի գլխավորությամբ ռեւանշի հասան նույնպիսի հաշվով եւ հաջողությամբ իրացնելով 11մ հարվածաշարը` մտան հաջորդ փուլ, որտեղ զիջեցին Մոսկվայի «Դինամոյին» (1-3, 0-1):

Առաջին փուլի արգելքը երկրորդ անգամ հաղթահարվեց 1997 թ., կրկին Գավաթակիրների գավաթի մրցաշարում: Ճիշտ է, դրան նպաստեց մրցակիցը` Բաթումի «Դինամոն», որի կազմում առաջին խաղում որակազրկված ֆուտբոլիստ էր հանդես եկել եւ ՈւԵՖԱ-ն չեղյալ համարեց հանդիպման արդյունքը (2-4) ու արարատցիներին տեխնիկական հաղթանակ գրանցեց 3-0 հաշվով: Եվ թեեւ Երեւանում էլ «Արարատը» պարտվեց (0-2), սակայն երկու խաղերի ընդհանուր արդյունքով մտավ հաջորդ փուլ:

«Արարատը» երկրորդ անգամ է մասնակցելու Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը: Առաջին անգամ թիմն այդ մրցաշարում հանդես է եկել 1999 թ.: Նորամուտը հաջող էր: Հունիսի 19-ին ռումինական Բաքեու քաղաքում արարատցիները 1-0 հաշվով պարտության մատնեցին տեղի համանուն թիմինՙ շնորհիվ 70-րդ րոպեին Հովհաննես Անտոնյանի խփած միակ գոլի: Պատասխան խաղում էլ Արկադի Անդրեասյանի սաները հաղթեցին շնորհիվ Հովակիմ Հովակիմյանի խփած գոլի: Իսկ ահա երկրորդ փուլում արարատցիների հաղթարշավը կանգնեցրեց բելգիական «Սենտ Տրյուդենը» (0-2, 1-3): Բելգիացիների հետ երկու հանդիպումներին էլ մասնակցել է «Արարատի» ներկայիս ավագ Արթուր Մինասյանը: Նա թիմի ներկայիս կազմի ֆուտբոլիստներից բոլորից շատ (6) խաղ է անցկացրել «Արարատում» Եվրոգավաթներում, 2004 թ. էլ Արթուրը 2 խաղ է անցկացրել «Բանանցի» կազմումՙ «Իլիչեւեցի» հետ մրցախաղերում:

Եվրոգավաթներում արարատցիների վերջին ելույթը կայացել է 2001 թ. ՈւԵՖԱ-ի գավաթի մրցաշարում: Մեր թիմի մրցակիցը Թել Ավիվի «Հապոելն» էր, որը երկու հանդիպումներում էլ վստահ հաղթանակ տարավ (2-0, 3-0): Այդ խաղերին մասնակցել են ներկայիս արարատցիներ Արթուր Մինասյանն ու Գագիկ Սիմոնյանը:

Ֆուտբոլը Սոլիգորսկում սկսել է զարգանալ հենց քաղաքի ստեղծման սկզբից: Նախ թիմեր են կազմավորել հանքարդյունաբերական ձեռնարկությունները, իսկ 1962 թ. նրանցում հանդես եկող ֆուտբոլիստներից ձեւավորվել է քաղաքի հավաքական: Հաջորդ տարի ստեղծվել է «Շախտյոր» վարպետների թիմը, որը սկսել է հանդես գալ Մինսկի մարզի առաջնությունում: Մեկ տարի անց «հանքափորները» նվաճել են Բելառուսիայի ԽՍՀ-ի առաջնությանը մասնակցելու իրավունք: Մինչեւ 1991 թ. «Շախտյորն» ընդմիջումներով մասնակցել է հանրապետության եւ Մինսկի մարզի առաջնություններին: Սոլիգորսկցի ֆուտբոլիստները երեք անգամ դարձել են ԲԽՍՀ-ի առաջնության մրցանակակիր, նույնքան անգամ նվաճել հանրապետության գավաթը:

ԽՍՀՄ փլուզումից եւ Բելառուսի անկախ հանրապետության ձեւավորումից հետո «Շախտյորը» մասնակցել է երկրի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարերին: Ամենամեծ հաջողության հասել է 2005 թ., առաջին անգամ նվաճելով չեմպիոնի կոչումը: Ընթացիկ մրցաշրջանում թիմը 10 տուրից հետո 15 միավորով (+4=3-3, 13-8) ընթանում է 6-րդ տեղում: Թիմն առաջին հերթին աչքի է ընկնում իր ամուր պաշտպանությամբ. կայացած 10 հանդիպումներից 6-ում «հանքափորներն» անառիկ են պահել սեփական դարպասը: «Շախտյորի» կորիզը կազմում են տարեց եւ փորձառու ֆուտբոլիստները, որոնք աչքի են ընկնում ֆիզիկական լավ տվյալներով: Թիմում հայտավորված են նաեւ երկու օտարերկրացի ֆուտբոլիստներՙ լիտվացի պաշտպան Պաուլյուս Պակնիսը եւ ռուսաստանցի հարձակվող Իշրեֆ Մագոմեդովը:

«Արարատի» առաջիկա մրցակիցը եվրոպական գավաթների մրցաշարերին առաջին անգամ մասնակցել է 2001/02 թթ. մրցաշրջանումՙ մրցելով Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ (1-2, 1-3): 5 անգամ մասնակցելով Եվրոգավաթներին (10 խաղ, +2=2-6, գնդակները` 15-16), «Շախտյորին» դեռեւս չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

Նոր մեկնարկից առաջ հաջողություն ենք մաղթում արարատցիներին` հուսալով, որ բելառուսական արգելապատնեշը կհաղթահարվի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4