Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Աբդուլահ Գյուլը երեկ հանդիպել են Ստամբուլում, որտեղ անց էր կացվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ հոբելյանական գագաթաժողովը: Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների հնարավոր բարելավմանը վերաբերող հարցեր:
Վարդան Օսկանյանը հաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որի համաձայն Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց որեւէ նախապայմանի: «Ֆրանսպրես» գործակալության հաղորդմամբ եւ անանուն թուրք դիվանագետի վկայակոչելով, Օսկանյանը Գյուլին ասել է, թե Հայաստանն ուզում է բարելավել կապերը Թուրքիայի հետ, ինչին «կնպաստի հայ-թուրքական սահմանի բացումը»:
Ի պատասխան Աբդուլահ Գյուլը նշել է, թե Հայաստանը պետք է աշխատի Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ: «Մենք նաեւ որոշակի ակնկալիքներ ունենք Հայաստանից», «Ազատության» փոխանցմամբ, Գյուլի խոսքերն է մեջբերել թուրք դիվանագետը: Թուրքիայի արտգործնախարարը ակնարկել է ցեղասպանության իրողությունն ուսումնասիրելու համար պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը, որը հայկական կողմը մերժել է: