Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով այսօր եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԳ փոխնախարար Թեոդորոս Կասսիմիսը, պաշտպանության փոխնախարար Իոաննիս Լաբրոպուլոսը, պաշտոնատար այլ անձինք:
Այսօր տեղի կունենա նախագահների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը: Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին, կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչներին:
Կարոլոս Պապուլիասը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, Մատենադարան, Երեւանի պետական համալսարան:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի եւ Հունաստանի նախագահները եւ առաջին տիկնայք կունկնդրեն հույն երգչուհի Է. Արվանիտակիի համերգը: