«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ

Աշխատանքների վրա իրենց կնիքն են թողնելու Ռուսաստան-Թուրքիա էներգետիկայի բնագավառի հակասությունները

Երեկ Ստամբուլի «Չըրաղան» պալատում Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերի ելույթով բացվել է «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովը: Կազմակերպության հիմնադրման 13-րդ տարեդարձին նվիրված գագաթաժողովին մասնակցում են հիմնադիր կազմի 12 բոլոր անդամներըՙ պետության ղեկավարի, վարչապետի կամ արտգործնախարարի մակարդակներով, իսկ 13 երկրներՙ դիտորդի կարգավիճակով: Գագաթաժողովում, ինչպես թուրքական հանրային հեռուստատեսությունն է նշում, առաջնահերթ նշանակությամբ քննարկվելու են էներգետիկայի եւ հաղորդակցության խնդիրները սեւծովյան ավազանում եւ հարակից շրջաններում: Ենթադրվում է, որ այս գագաթաժողովը նոր լիցք կհաղորդի կազմակերպության հետագա գործունեությանը:

Գագաթաժողովի շրջանակներում Սեզերը հաջորդաբար ընդունել է Վրաստանի, Ադրբեջանի, Սերբիայի նախագահներին, ինչպես նաեւ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՌԴ նախագահի հետ հանդիպել է նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Միլիեթի» վկայությամբ, նախքան գագաթաժողովի բացումը «Չըրաղան» պալատում հանդիպել են նաեւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Դռնփակ այս հանդիպումը, որի ընթացքում հեռուստաընկերություններին չի թույլատրվել կատարել թեկուզ արարողակարգային նկարահանումներ, տեւել է շուրջ կես ժամ: «Միլիեթը» միաժամանակ նշել է, որ գագաթաժողովի շրջանակներում իրականացվող երկկողմ հանդիպումների վրա իրենց կնիքն են թողել էներգետիկայի բնագավառում Ռուսաստանի եւ Թուրքիայի տարաձայնություններըՙ պայմանավորված Պուտինի վերոհիշյալ հանդիպումներով:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4