«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐԸ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ

Կովկասցիների եւ ասիացիների, այսպես կոչված, պարերի պատճառով հունիսի 22-ին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքը մի քանի տասնյակ մասնակիցներով թերեւս հնարավոր չլինի որակել որպես ազգային հիմքից զուրկ, խուլիգանական կամ էլ նմանօրինակ մեղմացմամբ ինչ-որ պատահար, ինչպես որպես կանոն ձեւակերպվում են կովկասցիների վրա հարձակումները Ռուսաստանում:

Դավիթ Հովհաննիսյանը, որի ընտանիքը 10 տարի առաջ է Երեւանից տեղափոխվել Մոսկվա, ուրբաթ օրը ազգայնամոլների հարձակմանն էր ենթարկվել ի թիվս այլ կովկասցիների ու ասիացիների, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում տեղեկացրել է, որ իրեն երկու անգամ հարվածել են դանակով: «Ինչ-որ տեղից հայտնվեց ամբոխը: Նրանք մոտ 20-ն էին: Երկու անգամ դանակով խփեցին մեջքիս: Հետո ամբոխը հարձակվեց վրաս ու սկսեց ծեծել: Շշով խփեցին գլխիս: Հետո հայտնվեց միլիցիան, եւ ինձ հանգիստ թողեցին», պատմել է 17-ամյա Դավիթ Հովհաննիսյանը:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տեղեկացմամբ, ոստիկանությունը ձերբակալել է Հովհաննիսյանին դանակահարած 19-ամյա Իգոր Սերգեեւին, որ ազգայնամոլների հետ բազմիցս Մոսկվա է եկել այլազգիների վրա հարձակումների նպատակով:

Մոսկվայի ոստիկանության տվյալներով, ձերբակալվել է 42 մարդ` ինչպես կովկասցի, այնպես էլ, այսպես կոչված, «Անօրինական միգրացիայի դեմ շարժման» երիտասարդներ: Մոսկվայի իշխանությունները դիմել են կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների առաջնորդներին` երիտասարդությանը եւ անչափահասներին հակաօրինական գործողություններում չընդգրկելու կոչով` հատկապես ազգային հողի վրա:

Ամեն դեպքում, պաշտոնական հաղորդագրություններում նշվել է, որ կռիվ են սարքել հենց ազգայնամոլական կազմակերպությունների ակտիվիստները, բայց պատասխանատու կլինեն նաեւ ձերբակալված կովկասցիներն ու ասիացիները, թերեւս ծեծ ու ջարդին դիմադրելու համար:

ԱՂԱՎՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4