«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ

Ադրբեջանում ստիպում է հերքել դրսում ասված ամեն ինչ

Գուբաթ Իբաթօղլուն հրաժարվում է սեփական խոսքերից

Հաճախակի են հանդիպում դեպքեր, երբ ադրբեջանցի այս կամ այն գործիչները, փորձագետները, անգամ լրագրողները հայկական լրատվամիջոցներում հանդես են գալիս այնպիսի կարծիքներով, որոնք, Ադրբեջան վերադարձին, կամ այդ երկրում այդ մասին հայտնի դառնալուց հետո, պարտադրում են նույն այդ մարդկանց հանդես գալ հերքման հայտարարություններով: Այն, որ հայաստանյան իրականության որեւէ տեսակի արտացոլման հետ ադրբեջանցիների շփումը վերահսկվում է, ակնհայտ է ուզածդ օրինակում:

Մասնավորապես, երեկ ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալության կայքէջում տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հայտնի տնտեսագետ Գուբաթ Իբաթօղլուն ուշագրավ հայտարարություն է արել: Տնտեսագետը պնդում է, թե հունիսի 21-ին մերՙ «Ազգի» կայքէջում իր անունից տպագրված հարցազրույցը ենթակա է հերքման: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ոչ միայն համամիտ չեմ հայկական աղբյուրում ինձ վերագրված կարծիքին, այլեւ հերքում եմ փաստն ինքնին, թե նման հարցազրույց է եղել: Մինչ օրս ես ոչ միայն չգիտեի ինչ-որ Ա. Հասանովի գոյության, որի հետ ես իբր զրուցել եմ, այլեւ այդ կայքէջի մասին... Ես երբեք չեմ շփվել հայկական մամուլի հետ եւ չեմ պատրաստվում փոխել դիրքորոշումս այդ հարցի կապակցությամբ», հայտարարել է Իբաթօղլինՙ հավելելով սեփական հայրենասիրության, հայրենիքի եւ նման գեղեցիկ կատեգորիաների փաստերը:

Թերեւս, նախ «հայտնի տնտեսագետի», նաեւ ադրբեջանական լրահոսի աղավաղումներին «քաջածանոթ» ընթերցասերներին տեղեկացնենք, որ «Ազգն» իսկապես ադրբեջանցի տնտեսագետի հետ հարցազրույց չի արել, այլ այդօրինակ հրապարակում է «Ազգի» կայքէջում տեղադրվել Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի կողմից: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, Հայաստանից եւ Ադրբեջանից մեկական փորձագետներիՙ տարբեր հարցերի շուրջը ներկայացվող կարծիքներն արդեն երկու տարի իրագործվող ծրագիր է:

Հայաստանյան կողմը ներկայացնում է «Ռեգիոնը», որը եւ պատրաստում է հայ փորձագետների կարծիքները ներկայացնող հարցազրույցներ: Ադրբեջանական կողմից ծրագրին մասնակցում է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, որը պատասխանատու է Ադրբեջանում արված հարցազրույցների համար, որոնցից է նաեւ սեփական խոսքերից հրաժարվող տնտեսագետի հարցազրույցը:

Բաղդասարյանի տեղեկացմամբ, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի փորձագետներիՙ նույն հարցերով տրված պատասխաններով հարցազրույցները տպագրվում են Հայաստանումՙ «Ազգ», իսկ Ադրբեջանում «Նովոյե վրեմյա» թերթերում: Ի դեպ, ինչպես Հայաստանից Ադրբեջան, այնպես հակառակն ուղարկված հարցազրույցները չեն խմբագրվում:

«Ռեգիոն» կենտրոնի տնօրենը նշեց, որ այս հարցի առնչությամբ խոսել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսովայի հետ, խնդրելով պարզաբանել իրավիճակը: Յունուսովան հայտարարել է, որ Իբաթօղլուից հարցազրույցը վերցրել է ինստիտուտի լրագրողը եւ խեղաթյուրման մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է հարցազրույցը ստորագրած լրագրողի անվանը, որին տնտեսագետն իբր չի տեսել, Լաուրա Բաղդասարյանը նշեց, որ Բաքվից նյութն ուղարկվել է Ակբեր Հասանովի ստորագրությամբ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4