«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ԵՐԲ «ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ» ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱԽՈՍՆԵՐՈՎ

Թեեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն արդեն մոտ քսան տարի համարվում է հայաստանյան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության հիմնաքարը, բայց եւ այնպես հայաստանյան քաղաքական գործիչներին եւ մամուլին կարծես թե այնքան էլ չեն հետաքրքրում 2007 թ. ԼՂՀ նախագահական ընտրությունները: Այս փաստը գուցե այդքան աչք չծակեր, եթե ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը, ով ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ԼՂՀ-ն ցանկանում է դառնալ բանակցությունների կողմ (ավելին, չբացառեց, որ բանակցություններից Հայաստանը կարող է դուրս գալ), շարունակեր պաշտոնավարել:

Բայց չէ՞ որ մոտ մեկ ամիս հետո ԼՂՀ-ում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, եւ Արցախի ժողովուրդն ընտրելու է նոր նախագահ: Իսկ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, մինչ այժմ անցկացված բոլոր ընտրություններն անցել են բավականին ազատ եւ թափանցիկ, ինչը մեծ նշանակություն է ունեցել միջազգային ատյանների կողմից չճանաչված Արցախի պետականության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին: Առավել եւս այսօր, երբ խոշոր տերությունների դիրքորոշումը ԼՂՀ հիմնախնդրի լուծման շուրջը բավականին կարծրացել է (իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի ճնշում է գործադրվում), Արցախում կայանալիք ընտրությունների արդյունքները 100 տոկոսով պետք է լինեն մաքուր: Դրա նախադրյալները կարծես թե կան, որովհետեւ ընտրություններին մասնակցող հինգ թեկնածուներից մեկին` Բակո Սահակյանին պաշտպանում են եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը:

Մյուս չորս թեկնածուներից առնվազն մեկը` Մասիս Մայիլյանը եւս փաստացի իշխանական թեկնածու է (նա ԼՂՀ փոխարտգործնախարարն է): Ու թեեւ ինքը` Մասիս Մայիլյանը, առայժմ ընդդիմադիր դիրքերից հանդես չի եկել, սակայն նրան պաշտպանող ուժերը հանդես են գալիս, որքան էլ տարօրինակ է հնչում, հայաստանյան արմատական ընդդիմության կարգախոսերով: Իհարկե, առնվազն ծիծաղելի է այն փաստը, որ Մասիս Մայիլյանը կարող է ընդդիմադիր լինել, թեկուզեւ այն պարզ պատճառով, որ վերջին 7-8 տարիներին նա ԼՂՀ իշխանական բուրգում գրավել է բավականին բարձր դիրք, այդ տարիների ընթացքում ԼՂՀ իշխանությունների հետ երբեւէ որեւէ անհամաձայնության նշաններ չի ցուցաբերել: Սա, իհարկե, խնդրի մի կողմն է: Բայց մեզ ավելի շատ անհանգստացնում են վերոնշյալ աշխարհաքաղաքական ուժերի ճնշումները: Հենց այս տեսակետից պետք է դիտարկել Արեւմուտքից ֆինանսավորվող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների բարձրացրած աղմուկը, որը համահունչ է Մասիս Մայիլյանի, այսպես կոչված, պաշտպանողների խմբի արտահայտած մտքերին: Նրանց բոլոր հրապարակումներից եւ մամուլի ասուլիսներից մի բան հստակ է` կասկածի տակ դնել ԼՂՀ ապագա նախագահական ընտրությունների լեգիտիմությունը, որպեսզի հետագայում բանակցությունների սեղանի շուրջը հայկական կողմն ավելի թույլ լինի (անկախ այն բանից, թե ով կներկայացնի հայկական կողմն այդ բանակցություններում` Հայաստա՞նը, թե՞ Արցախը):

ՍԱՄՎԵԼ ԱՎԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4