Երեւանում ամեն տարի ավելանում է ոչ միայն ավտոմեքենաների քանակը, այլեւ սրճարանների, ռեստորանների ու գիշերային ակումբների: Եվ քանի որ կենսական տարածքների սուղ լինելու պատճառով դրանք խցկվում են բնակելի տարածքների արանքը կամ տեղավորվում դրանց շատ մոտ` հատկապես գիշերային ժամերին եւ հատկապես ամռանը բնակիչների համար իսկական պատուհաս են դարձել: Խոսքը միայն բարձր երաժշտությանը չի վերաբերում, այդպիսի օբյեկտներում ու հաստատություններում գինովցած հաճախորդները շատ հաճախ նաեւ աղմուկ ու վիճաբանություններ են առաջացնում:
1 ամիս առաջ տեղական իշխանությունները աղմկարար այս զվարճավայրերին հիշեցում-շրջաբերականներ ուղարկեցին իրենց հարակից տարածքներում կարգուկանոն ու լռություն պահպանելու վերաբերյալ:
30-50 հազար դրամ տուգանք է նախատեսվում բացօթյա ժամանցի այն օբյեկտների նկատմամբ, որտեղ երաժշտությունը կգերազանցի թույլատրելի նորման` 30 դեցիբելը:
Իսկ այն օբյեկտների գլխին, որոնք կեսգիշերից հետո աշխատելու համապատասխան թույլտվություններ չունեն թաղապետարաններից, 200 հազար դրամ տուգանքի սպառնալիք է կախված:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ