Հունիսի 25-ից հուլիսի 2-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ Ծաղկաձորում կմեկնարկի «Մշակույթների երկխոսություն» միջազգային երիտասարդական փառատոնը: Փառատոնի նպատակն է տարբեր ազգերի երիտասարդներին հնարավորություն տալ ճանաչելու աշխարհի մշակույթները, ժողովուրդների ազգային նկարագիրը` նպաստելով դրական փոխհարաբերությունների հաստատմանը: Աշխարհի ավելի քան 20 երկրների հայ եւ օտարազգի երիտասարդներ կհամախմբվեն «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի ծաղկաձորյան երիտասարդական կենտրոնում: Փառատոնի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց երկրի մշակույթը, պատմությունը, ազգային սովորույթները, առանձնահատկությունները, ժողովրդագրությունը, կրոնն ու ճարտարապետությունը, այն ամենը, ինչի շնորհիվ յուրաքանչյուր ազգ կերտում է իր նկարագիրը եւ դրանով ներկայանում աշխարհին:
Մշակութային փառատոնն ընդգրկում է ե՛ւ ուսուցողական, ե՛ւ ստեղծագործական տարրեր:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ