«Երաժշտական» աղմուկի պատճառով փոքրիկը ցուրտն ու մռայլությունը գերադասում է լույսից ու ջերմությունից
Ամառվա գիշեր է, հոգնած պառկել եմ քնելու: Փողոցից լսվում են մեքենաների դռները բացելու-փակելու, տանս մոտ գտնվող կրպակի վաճառողի եւ վարորդ-հաճախորդների խոսակցության ձայներ, որոնք սովորական են դարձել ինձ համար: Արդեն աչքերս փակվում են: Ականջիս ծայրով լսում եմ հերթական մեքենայի դռների բացվելու ձայնը, որի հետ միաժամանակ տարածվում է բարձր միացված երաժշտությունը: Ոչինչ, հիմա կնստեն մեքենան, կգնան ու ես կկարողանամ քնել, հուսադրում եմ ինքս ինձ: Սակայն երաժշտությունը շարունակում է հնչել: Անկողնուց վեր եմ կենում, նայում լուսամուտից եւ տեսնելով, որ երեք-չորս երիտասարդներ կրպակի մոտ կանգնած գարեջուր են խմում եւ փորձից եզրակացնելով, որ աղմուկը դեռ կշարունակվի, ամուր փակում եմ լուսամուտի բոլոր փեղկերը, օդանցքն ու վերադառնում անկողին: Ամուսինս ձեւացնում է, թե խոր քնած է եւ աղմուկն իրեն չի անհանգստացում: Նա այդպես է անում ոչ այն պատճառով, որ վախենում է: Նա բազմաթիվ անգամներ միջամտել է եւ նույնիսկ վիճաբանել նրանց հետ, սակայն այդ ամենը արդյունք չի տվել: Նա քնած է ձեւանում նաեւ, որպեսզի ես չանհանգստանամ իր համար, չէ՞ որ առավոտ կանուխ պետք է աշխատանքի գնա: Իսկ դրսում, ինչպես ասում են, «կենացները գնալով քաղցրանում են», գնալով բարձրանում է թե՛ երիտասարդների ձայնը (երբեմն խոսքը համեմելով նաեւ հայհոյանքներով), թե՛ երաժշտությունը, իհարկե, այդպիսի պայմաններում կողպված լուսամուտներն էլ չեն կարող օգնել: Ես եւս անշարժանում եմ եւ նույն պատճառով, ինչ ամուսինս, քնած եմ ձեւացնում: Վերջապես, երկու ժամ անց լսվում է մեքենայի դռան շրխկոցը եւ երաժշտության ձայնը մարում: Ես հասկանում եմ, որ մեքենան հեռանում է: Միայն թե գիշերային նոր այցելուներ չհայտնվեն, մտածում եմ եւ չնայած գլխացավին, ջանում գոնե մի երկու-երեք ժամ քնել:
Այս գիշերային մղձավանջն այսօր տիրում է շատերի բնակարաններում, որոնք գտնվում են շուրջօրյա ռեժիմով աշխատող բացօթյա ժամանցի վայրերի կամ կրպակների մոտ: Սակայն, եթե ռեստորանների եւ սրճարանների համար գոնե կա համապատասխան որոշում գիշերը երաժշտություն չմիացնելու, մարդկանց չանհանգստացնելու համար, ապա կրպակների պարագայում հարցը բոլորովին բաց է թողնված: Ոստիկանությունը եւս երբեք ուշադրություն չի դարձնում մարդկանց քունը խանգարող կարգազանցներին: Տեղին է խոսել նաեւ կրպակներում նվազագույն սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության մասին` ոչ սանհանգույց կա, ոչ էլ ջուր: Վաճառողներն իրենց բնական պետքերը բավարարում են դույլի եւ պոլիէթիլենային տոպրակների օգնությամբ: Եվ կամ «օգտվում են» հարեւան շենքերի շքամուտքերից ու վերելակներից: Ահա թե նրանք ինչպիսի պայմաններում են սպասարկում իրենցից սննդամթերք գնող հաճախորդներին:
Մամուլը արձագանքելով քաղաքացիների բողոքներին մերթընդմերթ անդրադառնում է այս կամ այն ռեստորանի կողմից մարդկանց հանգիստը խանգարելու խնդրին: Սակայն գերակշռող դեպքերում, տարբեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, մարդիկ սովորաբար լռում են, հանդուրժում իրենց տառապանքները եւ ոտնահարված արժանապատվությունը:
Երբ գտնվում էի Կալիֆոռնիա նահանգի մի քաղաքում, հյուրընկալվել էի ընկերուհուս տանը, որը շուն ուներ: Երեկոյան բակում նստած էինք, երբ շունը մի կատվի հետեւից հաչեց` ընկերուհիս ահաբեկված շանը ներս տարավ: Իր վարքագիծը բացատրեց, որ ժամը իննից հետո արգելված է հարեւաններին որեւէ կերպ անհանգստացնել, եւ որ նման դեպքի համար մեկ անգամ արդեն ոստիկանությունը նախազգուշացրել է: Այդ նույն քաղաքում, որն ուներ շուրջ 120 000 բնակչություն, չկար որեւէ ռեստորան, քանի որ իշխանությունները, արտահայտելով բնակչության կամքը, մերժել էին այնտեղ ռեստորան բացելու առաջարկները (ի դեպ, հայերի առաջարկներ): Եթե չեմ սխալվում, ժամանակին խաղատները քաղաքից դուրս բերվեցին մարդկանց հանգիստը չխանգարելու համար: Ասածս ամենեւին այն չէ, որ սրճարաններն ու կրպակները նույն բախտին արժանանան, սակայն բնակչության շահերը պետք է գերակայեն ամեն գնով փող աշխատելու մոլուցքով տարված մարդկանց շահերին: Ասածս այն է, որ մարդուն չի կարելի անտեսել:
Վերջերս, երբ իմ փոքրիկ աղջնակին բացատրում էի, թե որոնք են տարվա եղանակները եւ ինչով են դրանք զանազանվում միմյանցից, նա ասաց. «Մամ, չեմ սիրում ամառը, ամռանը չեմ կարողանում քնել: Ուզում եմ, որ միշտ ձմեռ լինի»:
Հազարավոր քաղաքացիների անունով դիմում եմ Երեւան քաղաքի եւ հանրապետության իշխանություններին, խնդրելով կարեւորություն տալ այս խնդրին, դիմում եմ մամուլին, խնդրելով հետամուտ լինել մարդկանց տարրական հանգստի իրավունքը պաշտպանելու շնորհակալ գործին:
Դիմում եմ նաեւ այն բոլոր փոքրիկների անունից, որոնք ստիպվածՙ ցուրտն ու մռայլությունը գերադասում են լույսից ու ջերմությունից:
Լ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Ընթերցող