«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԶԱՐԳԱՑՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ

Հունիսի 28-30-ը Երեւանում աշխարհի տարբեր երկրներից եկած առողջապահության մասնագետների եւ փորձագետների լայն մասնակցությամբ տեղի է ունենալու Հայաստանի երկրորդ միջազգային բժշկական համագումարը, որը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը «Վիվասել» եւ մի շարք այլ հեղինակավոր կազմակերպությունների նվիրատվություններով:

Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կարեւոր առողջապահական հարցերին նվիրված լիակազմ նիստերից բացի, միջոցառման ժամանակ կներկայացվեն առողջապահության մոտ 24 ոլորտ ընդգրկող գիտական զեկույցներ, ինչպես նաեւ արբանյակային կապի միջոցով տեղի կունենա ութ քննարկում: Դրանց, համագումարին մասնակից հայկական միջազգային բժշկական համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցեն նաեւ առողջապահության ոլորտի մասնագետներ տարբեր շրջաններից: Աշխարհում առաջին անգամ բժշկական համագումարի կազմակերպած արբանյակային սիմպոզիումները կհամախմբեն աշխարհի տարբեր երկրների մոտ 1500 մասնագետներին: Նախատեսվում է իրականացնել նաեւ մանկաբուժության բնագավառին նվիրված հեռուստատեսային ուղիղ քննարկում, որին կմասնակցեն Նյու Ջերսիի եւ Երեւանի բժիշկ-մասնագետները: Այս հատուկ նիստի հովանավորներն են ԱՄՆ-ի «Ռիչարդ Դավուդ Դոնչյան» հիմնադրամը եւ «Բժշկական առաքելություններ մանուկների համար» կազմակերպությունը: Բժշկական համագումարի ժամանակ կմեկնարկի «Կամուրջների կառուցում գործընկերություն» ծրագիրը, որի նպատակն է մասնագետ-դասախոսների փոխադարձ հրավերքների կազմակերպումը:

«Բժշկական համագումարը խիստ կարեւոր է այն պատճառով, որ տալիս է մի կողմից առողջապահության ոլորտի բարելավման համապարփակ ծրագիր, մյուս կողմից մեծացնում է բժշկական հարցերի մասին հանրային իրազեկությունը, ասել է բժշկական համագումարի կազմակերպման հանձնախմբի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը: Միջոցառումը կարեւոր առողջապահական հարցերի քննարկման, փորձի ու փորձառության փոխանակման եւ համագործակցության խթանման մի արտակարգ աղբյուր է», նշել է Ա. Բաբլոյանը:

Իր հերթին գնահատելով բժշկական համագումարը, ՀՀ առողջապահության նախարարը նշել է, թե այն կօգնի Հայաստանի առողջապահության ոլորտի աշխատողներին ձեռք բերելու թարմ հայացք եւ պատկերացում, կմեծացնի նրանց մասնագիտական հմտությունները: Նա նաեւ տեղեկացրել է, որ բժշկական համագումարի երրորդ լիակազմ նիստն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայաստան-սփյուռք ծրագրերին եւ հետագա համագործակցության ռազմավարության մշակմանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4