Ռուզան Արիստակեսյանի «Մի ատենախոսության պաշտպանության պատմություն» հոդվածի առիթով
Ամենայն անկեղծությամբ ասենք, որ բնավ չենք ուզում թերթի էջերը ծանրաբեռնել ԲՈՀ-ի (ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով) աշխատանքի եւ մի ատենախոսության (ինչպիսիք, ցավոք, քիչ չեն) մասին անիմաստ մանրամասներով, որի առիթը, իհարկե, տալիս է վերը նշված` հայհոյախառն ու խեղաթյուրված հոդվածը: Այդտեղ փաստերն այնքան են աղավաղված, որ էջեր են պետք պարզաբանումների համար, մի բան, որ քչերին կհետաքրքրի: Մեր խորին համոզմամբ, «աշխարհի կենտրոնում» այլ խնդիրներ են: Պարզապես մի քանի նկատառում, որոնք ավելի էական են:
Նախ. ի՞նչ էր մտածում հեղինակն իր «գործի» մանրամասները թերթում նկարագրելիս. վարկաբեկել ԲՈՀ-ը, թե՞ քննարկել` իր կարծիքով երկարաձգված ընթացակարգը: Բայց չէ՞ որ խորհրդի որոշումը բեկանելուց հետո ԲՈՀ-ին պատերազմ հայտարարելու ճանապարհն ինքն էր ընտրել եւ իր կողմից պարտադրվող խորհրդի նիստերը ոչ մի կանոնակարգի չէին ենթարկվում եւ, բնականաբար, ԲՈՀ-ում քննարկման առարկա չէին դառնում: Եվ բացի այդ` չէ՞ որ մեզ մոտ է ատենախոսության մերժված տարբերակը, որը ամեն պահի կարող է անհարմար վիճակ ստեղծել հոդվածագրի համար: Ո՞րն էր հոդվածի նպատակն ու իմաստը. «ի հեճուկս դոկտոր ստորագրե՞լը»:
Այո, ԲՈՀ-ը բեկանել է ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտում գործող մասնագիտական խորհրդի որոշումը` Ռ. Արիստակեսյանին գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին, քանի որ ըստ կարգի տվել է փորձաքննության (ի դեպ` փորձագետ չեն կարող լինել ԲՈՀ-ի աշխատակիցները) եւ ստացել բացասական կարծիք: Այսինքն ԲՈՀ-ը, այնուամենայնիվ, փորձում է դեմն առնել թույլ աշխատանքների, առավել եւս, երբ դրանք հավակնում են դոկտորի գիտական աստիճանի: Բայց երբ ԲՈՀ-ի դեմ ոչ միայն հավակնոտ հայցորդն է, այլեւ մասնագիտական խորհուրդը (որը, ոչ, իհարկե, 4, այլ 2 անգամ քվեարկում է դրական), ապա ԲՈՀ-ը երկար դիմադրել չի կարող, քանր որ այստեղ արդեն հառնում է ամենադեմագոգիկ հռետորական հարցը, որ ամենատարածվածն է նման դեպքերում. «Մի՞թե գիտության հայտնի դոկտորների, վաստակ ունեցող գիտնականների կարծիքից հետո կարեւոր եւ վճռական կարող էր լինել մասնագիտական եւ մարդկային այսպիսի (՞) որակներ ունեցող փորձագետի կարծիքը»: Խեղճ փորձագետ, որն ընդամենը հանդգնել էր ասել, որ աշխատանքը պարզապես քաղագրություն է Ալբերտ Արիստակեսյանի եւ Դավիթ Գասպարյանի գրքերից, եւ ներկայացրել մի ծավալուն ցանկ էջերի, որտեղ հայցորդի «մտքերը» կրկնությունն են հիշյալ հեղինակների մտքերի: Այսինքն փորձագետը, ի դեպ, գիտությունների դոկտոր, իր համադրական եւ վերլուծական աշխատանքով տեսել էր այն, ինչ «չէր նկատել» մասնագիտական խորհուրդը եւ ինչի հերքումը ԲՈՀ-ն այդպես էլ չստացավ: Պարզապես ավելացվեցին որոշ հղումներ եւ խմբագրվեց եզրակացություններ բաժինը:
Համոզված ենք, որ աշխատանքի այլեւայլ մասնագիտական թերությունները (որոնք, ի դեպ, սկսվում են վերնագրից. «Պարույր Սեւակ. գեղագիտություն եւ բանարվեստ») հրապարակելու անհրաժեշտություն չկա, դա թերթով քննարկելու խնդիր չէ, պարզապես մեջբերում ենք ընդամենը մեկ նախադասություն աշխատանքից (քանի որ այն հեղեղված է նման նախադասություններով) եւ ատենախոսության եզրակացության վերջին կետը:
Մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:
«Այսպես, անձրեւի միալար ընթացքը, միաձուլվելով հոգին պարուրած թախծի եւ մտային-ենթագիտակցական հածումների դարձդարձիկ ելէջումներին, ձեւավորում է մասերի միասնությամբ եւ ներքին կապերի ամրությամբ ստեղծագործական լուծումների բազմազանությամբ եւ մեղեդային գծի դրամատիզմով ամբողջացող շարային պոլիֆոնիկ կառույց, որն հնարավորություն է ընձեռում նեյրոնային մանրամասնությամբ հետեւելու մարդու կողմից մեկնելի եւ անմեկնելի հոգեզգայական տարափոխ վիճակների ներքին տեղաշարժներին եւ փոխակերպությանը» (էջ 161):
«3. Գրաքննադատական դիտումի եւ գրապատմական հայեցումի մեթոդաբանական սկզբունքներին, հետազոտության եղանակներին եւ գնահատության ելակետերին, ինչպես նաեւ ստեղծագործական այն առնչություններին եւ ազդակներին, որոնցով ճշտվում-հստակվում, միաժամանակ ամբողջանում է հեղինակի ստեղծագործական նկարագիրն ու գեղագիտական կողմնորոշումը» ( էջ 256):
Այսպիսով` ԲՈՀ-ը, մերժելով այս կամ այն աշխատանքը, զգուշացնում է, ահազանգում, ընդ որում, առաջին հերթին գիտնականներին, թե ինչպիսի գիտնական է հայտնվում նրանց կողքին: Բայց ի՞նչ անել, երբ խորհուրդը համառում է. լուծարե՞լ խորհուրդը: Հետո՞: Վերջին հաշվով ԲՈՀ-ի համար Ռ. Արիստակեսյանը հերթական համարն է ցուցակում, իսկ մասնագետների համար` իրենց դոկտոր գործընկերն ու աշխատակիցը, որի տեսակը, տվյալ դեպքում, բացահայտվեց նաեւ վերը նշված հոդվածով: ԲՈՀ-ին մնում է ասել` ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի մասնագիտական խորհրդի հարգելի անդամներ, ստացեք ձեր նորաթուխ դոկտորին: Բարով վայելեք:
ԼԻԼԻԹ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, ԲՈՀ-ի նախագահի տեղակալ