«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ԲՈՒՍԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ

Ահազանգ բուսաբանական այգուց

Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բուսաբանության ինստիտուտի բուսաբանական այգին, որ իր ավելի քան 70-ամյա գործունեության ընթացքում ստեղծել է աշխարհի տարբեր ծայրերից ներմուծված բույսերի հավաքածու եւ վերածվել է գիտական, էկո-կրթական, ուսումնաճանաչողական եւ ռեկրեացիոն հաստատության, այսօր, ինչպես շուրջ մեկ տարի առաջ, կանգնած է վտանգի առաջ: Երեկ մամուլի ազգային ակումբում այս մասին ահազանգեցին հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ Գոհար Օգանեզովան, նախագահ Նորա Գաբրիելյանն ու «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Կարինե Դանիելյանը:

Նրանց ներկայացմամբ, բուսաբանական այգու նախկին տնօրենությունը, փորձելով ստեղծել ֆինանսական աղբյուրներ, ստիպված բուսաբանական այգու Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող 25 հա տարածք վարձակալության է տվել «Հայագրոէկոլոգիա ասոցիացիա» ՀԿ-ին (նախագահ` Ավետ Հայրապետյան), որը 5 հա-ի վրա պետք է ստեղծեր «Էթնոգրաֆիկ ցուցադրական տնտեսություն»` էկոտուրիզմի զարգացման նպատակով: Հայկական բուսաբանական ընկերության փոխնախագահ Գոհար Օգանեզովայի խոսքով, սակայն, հիշյալ տարածք են բերվել շինարարական տեխնիկա եւ փորվել այնպիսի հսկայական հիմքեր, որը կապ չունի խոստացված տնտեսության ստեղծման հետ եւ ավելի շատ նման է հերթական ռեստորանի կամ էլիտարի. «Այն, ինչ խոստացվել էր, եւ այն, ինչ ստեղծվում է, տարբեր բաներ են»:

Նախորդ տարի էր դեռ այս աղմուկը բարձրացել, իսկ բուսաբանական այգու հիշյալ տարածքի պահպանության համար մարտնչում էր նախկին պատգամավոր, ԺՈՒԿ նախագահ Մանուկ Գասպարյանն, ով այժմ լռում է: Բուսաբանական ինստիտուտի կոլեկտիվի, այդ ժամանակվա մի խումբ պատգամավորների եւ հասարակության բողոքի արդյունքում հաջողվել էր կանխել շինարարական աշխատանքները, քանի որ քաղաքապետարանի որոշմամբ «Հայագրոէկոլոգների ասոցիացիա» ՀԿ-ի հետ պայմանագիրը չեղյալ էր համարվել:

Հայկական բուսաբանական ընկերության կոլեկտիվը կրկին է հարցը բարձրացրել, քանի որ հիշյալ ՀԿ-ն դատի է տվել քաղաքապետարանի այդ որոշումը: Տնտեսական դատարանում մի քանի նիստ արդեն եղել է, եւ որքանով բուսաբանական ընկերության կոլեկտիվն է հասկացել, դատարանի կողմնորոշումը դեպի շինարարությունն իրականացնող ՀԿ-ն է: «Մեր կիսաանապատ գոտում, տուֆի վրա բուսաբանական այգի ստեղծելն արդեն մեծ հերոսություն է: Մենք ձեր օգնությանն ենք դիմում, որովհետեւ մտավախություն ունենք, որ դատարանն այլ որոշում կընդունի: Քաղաքապետարանն իր դիրքերը պետք է ամուր պահի եւ չզիջի», ասաց բուսաբանական ընկերության նախագահ Նորա Գաբրիելյանը:

Այգու զավթման անկարելիության մասին խոսելիս «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահը շեշտեց բուսաբանական այգու համազգային արժեք լինելու հանգամանքն ու նշեց, որ էկոտուրիզմը զարգացնելու անսահման ցանկություն ունեցող մեր երկիրը պետք է իմանա, որ բուսաբանական այգին էկոտուրիզմի զարգացման հիանալի հենակետ կարող է լինել:

Ակումբի հյուրերը նշեցին, որ բուսաբանական այգին, բացի այն որ շինարարական հրապարակի է վերածվել, նաեւ ֆինանսական խնդիրներ ունի: Գոհար Օգանեզովայի խոսքով, այգում ծառերը չորանում են, որովհետեւ անբավարար ֆինանսավորման պատճառով աշխատուժ չկա, բույսերի խնամքին հետեւող աշխատողներ չկան, ոռոգում չկա, որի հետեւանքով հաճախ են հրդեհներ լինում: Հայկական բուսաբանական այգու փոխնախագահը սրտնեղում է, որ այգու պաշտպանությունն էլ ապահովված չէ ու հաճախ ծառերն ու բույսերը ջարդվում են, տրորվում, գողացվում: Ներկաները կառավարությանը խնդրեցին օգնել բուսաբանական այգու ֆինանսավորման հարցում, որպեսզի Երեւանի վերջին լիարժեք կանաչ զանգվածն էլ չվերանա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4