Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն ավարտեց ՌԴ Դաշնային խորհրդում Կալմիկիայի նախկին ներկայացուցիչ, սենատոր Լեւոն Չախմախչյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Նրա փաստաբաններն արդեն կարող են ծանոթանալ գործի նյութերին, որից հետո այն կմտցվի դատարան:
Չնայած մոսկվացի հայերի մեջ տարածված «ժողովրդական» մեկնաբանություններին, այդուհանդերձ, անհասկանալի մնաց, թե ինչու հենց «Չախմախչյանը (ոչ ռուս) դարձավ «կոռուպցիոն» գործի զոհ, այն էլ ոչ ավել, որ պակաս երկրի ղեկավարին իրազեկելու մակարդակով: Ռուսաստանում ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ավելի շատ ինչով են զբաղված ժողովրդի պատվիրակները Սենատում թե Դումայում, եւ որոնցից շատերին կարելի է «մեղավոր» հանել ցանկացած ժամանակ: Բայց...
Այս գործն աննախադեպ «լայնորեն» լուսաբանվեց լրատվամիջոցներում եւ բարոյապես տհաճ հետեւանքներ ունեցավ տեղի հայության համար, տեղիք տալով մեղադրանքներիՙ ահա՜ թե ինչով եք զբաղված մեր երկրում: Գուցե, իրոք, երբեմն հայերս կորցնում ենք չափի զգացումը: Դրսում հատկապես, որտեղ մեզ երբեք չեն ների:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա