«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#117, 2007-06-22 | #118, 2007-06-23 | #119, 2007-06-26


ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՄՐՑԱԽԱՂԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՆԱ

Հերենվենում կայացած ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստում որոշվել է Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ սեպտեմբերին նախատեսված ընտրական մրցախաղերն ընդհանրապես չանցկացնել: Ընդ որում, երկու հավաքականներին էլ այդ խաղերի համար ոչ մի միավոր չի տրվելու:

ՈւԵՖԱ-ն իրոք որ աննախադեպ որոշում է կայացրել: Միայն այն փաստը, որ հավաքականների օգտին ոչ մի միավոր չի գրանցվելու, արդեն ընտրական մրցաշարում Հայաստանի եւ Ադրբեջանի ընտրանիներին մրցակիցների համեմատ անհավասար պայմանների մեջ է դնում:

Երկու կողմերի տեսակետները խաղի անցկացման վայրի վերաբերյալ վաղուց է հայտնի: Հայկական կողմը ադրբեջանցիներին անվտանգության երաշխիքներ տալովՙ պատրաստ էր մրցակցին հյուրընկալել սեփական դաշտում եւ մեկնել Բաքու, եթե նույնատիպ երաշխիքներ տար ադրբեջանական կողմը: Իսկ ադրբեջանցիները պնդում էին խաղերը չեզոք դաշտում անցկացնելու իրենց պահանջը: Նշենք, որ Ուկրաինան եւ Իսպանիան պատրաստ էին խաղերի անցկացման համար խաղադաշտ տրամադրել երկու հավաքականներին:

ՈւԵՖԱ-ի որոշման առնչությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ:

Սիրելի ֆուտբոլասերներ: Ինչպես արդեն գիտեք, ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել Հայաստան-Ադրբեջան Եվրո-2008-ի նախընտրական փուլի հանդիպումների կապակցությամբՙ չանցկացնել ոչ մի հանդիպում եւ կողմերին շնորհել զրոյական միավորներ:

Ցավում եմ, որ մենք բոլորս զրկվեցինք լավագույն հնարավորությունից դիտելու մեր հավաքականի օր-օրի ուժգնացող եւ դիտարժան խաղը: Սակայն պետք է նշեմ, որ անձամբ իմ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հայաստանի կառավարության կողմից արվեց հնարավորը, որպեսզի կայանան այդ հանդիպումները: Տրվեցին հնարավոր ամենաբարձր անվտանգության երաշխիքները, ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչը մասնակցեց եռակողմՙ ՈւԵՖԱ, Հայաստան, Ադրբեջան հանդիպումներին եւ ներկայացրեց անգամ գրավոր երաշխիքներ եւ այլն: Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի կառավարությունը եւ ՀՖՖ-ն պատրաստ էին կազմակերպել եւ անցկացնել հանդիպումը Երեւանում միջազգային ամենաբարձր նորմերին համապատասխան եւ մեկնել Բաքուՙ նմանատիպ երաշխիքների առկայության դեպքում:

Մյուս կողմից ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ՈւԵՖԱ-ն ստեղծել էր հատուկ հանձնաժողով, որն արդեն մեկ տարուց ավելի զբաղվում էր հարցի մանրամասն եւ բազմակողմանի քննարկմամբ:

Կրկնում եմ, ցավալի է, որ կայացվել է այսպիսի որոշում, բայց միեւնույն ժամանակ վստահում եմ եւ ընդունում ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կանոնակարգերն ու մասնավորապես այս որոշումը, քանզի կարծում եմ, որ միայն շատ ծանրակշիռ եւ էական գործոններն ու փաստարկները կարող էին հիմք հանդիսանալ նման աննախադեպ որոշման համար:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4