Տարբեր սեռի եւ տարիքի ավելի քան 1500 վազքասերներ մասնակցեցին ՄՕԿ-ի հովանու ներքո հունիսի 23-ին անցկացված միջազգային օլիմպիական վազքի միջոցառմանը: ՀԱՕԿ-ը այս անգամ ընդարձակել էր ծրագիրը` ներառելով նաեւ խճուղային հեծանվավազք, անվասայլակավորների վազք եւ առագաստանավային սպորտ:
Վաղ առավոտյան մարդաշատ էր Հանրապետության հրապարակը: Ամենուրեք փողփողում էին դրոշներ, փողային նվագախումբը հնչեցնում էր տոնական երաժշտություն:
Ներկա էին մարզական, պետական ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, անվանի մարզիկներ, վաստակաշատ մասնագետներ: Ընթերցվեց ՄՕԿ-ի նախագահ բելգիացի Ժակ Ռոգեի ուղերձը: Մասնակիցներին ողջունեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը: ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ Ռազմիկ Ստեփանյանը վազքի միջազգային օրվա մասնակիցներին հիշեցրեց, որ վազքարշավը կանցնի Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-ստորգետնյա անցում-«Հաղթանակի» կամուրջ եւ «Հրազդան» մարզադաշտի հրապարակ երթուղով: Մեկնարկի ելան հաջորդաբար հեծանվորդները, վազորդները, անվասայլակավորները:
Հրազդան մարզադաշտի հրապարակում մրցանակակիրներին հանձնվեցին ՀԱՕԿ-ի պատվոգրեր եւ դրամական պարգեւներ, իսկ բոլոր մասնակիցներին` ՄՕԿ-ի հավաստագրեր եւ մարզաշապիկներ: Ամենատարեց մասնակցի համար սահմանված մրցանակները ստացան 71-ամյա Ջեմմա Գալստյանը եւ 87,5-ամյա Վահե Դանիելյանը: Նույն օրը Սեւանա լճում օլիմպիական օրվա ծրագրով իրենց հմտությունները ցուցադրեցին առագաստանավորդները: ՀԱՕԿ-ի նախաձեռնությանը աջակցեցին պետավտոտեսչության եւ շտապ օգնության աշխատակիցները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ