Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրը յուրօրինակ էր նրանով, որ կայացած բոլոր երեք հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի, խփվեց ընդամենը 2 գնդակ, այն էլՙ 11մ հարվածներով:
Տուրի կենտրոնական հանդիպումը «Բանանցի» եւ «Միկայի» մրցավեճն էր: Վերջին երկու հանդիպումներում Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ «Միկան» պարտություններ էր կրել եւ զգալիորեն հետ էր մնացել առաջատար եռյակից: Ուստի հաղթանակը «Միկային» շատ ավելի անհրաժեշտ էր: Բավական ժամանակ թիմերին չէր հաջողվում սպառնալ դարպասին: Միայն 31-րդ րոպեին առաջին վտանգավոր պահը ստեղծվեց, երբ «Բանանցի» դարպասին մոտ 25 մետրից հարվածեց բրազիլացի Ակլեյսոնը: Սակայն դարպասապահ Ռադաջան թեեւ դժվարությամբ, բայց հետ մղեց գնդակը: Երեք րոպե անց հիանալի խաղաց Արմեն Շահգելդյանը, որը ճշգրիտ փոխանցումով հարվածի դուրս բերեց Տիգրան Դավթյանին: Վերջինիս հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Քիչ անց հերթական անգամ տուգանային հրապարակ ներխուժած Շահգելդյանի դեմ կոպիտ խաղաց «Բանանցի» պաշտպանը եւ «Միկան» 11մ հարվածի իրավունք ստացավ: Այն հստակ իրացրեց Արտյոմ Ադամյանը:
Ընդմիջումից հետո «Բանանցը» զգալիորեն ակտիվացրեց հարձակողական գործողություններըՙ ձգտելով վերականգնել հավասարակշռությունը: Գոլային լավ պահ ունեցավ Ուկրաինայի «Իլյիչեւեցից» հարազատ կոլեկտիվ վերադարձած Արա Հակոբյանը, սակայն մեն-մենակ հայտնվելով դարպասապահի դիմաց, շեղ հարվածեց: 61-րդ րոպեին էլ «Բանանցի» ավագ Եղիշե Մելիքյանի տուգանային հարվածը որսաց Ազիզյանը: Բայց, ի վերջո, «Բանանցին» հաջողվեց փրկել խաղը: Այս անգամ Սամվել Մելքոնյանի հետ պայքարում «Միկայի» պաշտպանը խախտեց կանոնները եւ Արա Հակոբյանը 11մ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը (1-1):
11մ հարված նշանակվեց նաեւ «Կիլիկիա»-«Ուլիս» մրցախաղում, սակայն ուլիսցի Ուռազովը բարձր հարվածեց: Դա թերեւս միակ իրական գոլային պահն էր այդ խաղում, քանի որ մնացած դրվագներում երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ հաճախակի էին սխալվում եւ այդպես էլ լրջորեն չկարողացան սպառնալ դարպասներին, որոնք մնացին անառիկ: Հաշիվը չբացվեց նաեւ Գյումրիում, որտեղ մրցում էին մրցաշարային աղյուսակի հարեւաններըՙ «Շիրակն» ու «Գանձասարը»:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 10 | 8 | 1 | 1 | 24-6 | 25 |
2. Արարատ | 10 | 7 | 1 | 2 | 16-2 | 22 |
3. Բանանց | 11 | 6 | 3 | 2 | 17-11 | 21 |
4. Միկա | 11 | 5 | 2 | 4 | 20-13 | 17 |
5. Գանձասար | 11 | 3 | 4 | 4 | 7-6 | 13 |
6. Շիրակ | 11 | 3 | 3 | 5 | 6-10 | 12 |
7. Ուլիս | 11 | 1 | 2 | 8 | 5-25 | 5 |
8. Կիլիկիա | 11 | 1 | 2 | 8 | 3-25 | 5 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 9 |
Գեւորգ Ղազարյան | «Փյունիկ» | 5 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 5 |
Արմեն Շահգելդյան | «Միկա» | 4 |
Կլեբեր Լուիս | «Միկա» | 4 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ