Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստներն անհաջող մեկնարկեցին Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում: Առաջին փուլի անդրանիկ խաղում արարատցիները Սոլիգորսկում խոշոր` 1-4 հաշվով զիջեցին տեղի «Շախտյորին»: Անհաջող հանդես եկավ «Արարատի» դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը, որի անվստահ խաղի հետեւանքով մրցակիցը խոշոր հաշվով հաղթանակի հասավ:
Հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ռիոսը: Մինչեւ ընդմիջում արարատցի Մարկոսը դիպուկ հարվածով վերականգնեց հավասարակշռությունը: Ի դեպ, նա «Արարատի» կազմում լավագույնն էր եւ խաղից հետո արժանացավ մրցանակի: Ցավոք, ընդմիջումից հետո արարատցիներին չհաջողվեց ոչ միայն զարգացնել հաջողությունը, այլեւ 3 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Դաշտի տերերից աչքի ընկան Գուկայլոն, Կլիմենկոն ու Նիկիֆորենկոն:
Պատասխան խաղը կկայանա հուլիսի 1-ին, Երեւանում: Դժվար է գուշակել, թե կհաջողվի՞ արդյոք արարատցիներին ռեւանշի հասնել եւ երկու խաղի ընդհանուր արդյունքով մտնել հաջորդ փուլ: Ամեն դեպքում արարատցիները պետք է փորձեն պատվով դուրս գալ երեւանյան խաղում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ