Ռումինական Բազնա քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում իր հաջող մրցելույթներն է շարունակում Ռաֆայել Վահանյանը: 7-րդ եւ 8-րդ տուրերում Վահանյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Անդրեյ Սոկոլովի եւ Ալեքսանդր Բելյավսկու հետ: 9-րդ տուրում Վահանյանն ազատ էր: Վահանյանն անցկացրած 8 պարտիաներում վաստակել է 5 միավոր եւ ընթանում է 2-րդ տեղում: Նա մեկ միավորով զիջում է Ալեքսանդր Խալիֆմանին: Վերջինս 7-րդ տուրում պարտության մատնեց Մայա Չիբուրդանիձեին, այնուհետեւ ոչ-ոքի խաղաց Ուլֆ Անդերսոնի եւ Անդրեյ Սոկոլովի հետ:
Երրորդ տեղում բազմափորձ Լայոշ Պորտիշն էՙ 4,5 միավոր: Նա անցկացրել է 9 պարտիա: 9-րդ տուրում Պորտիշը ոչ-ոքի խաղաց Բելյավսկու հետ: Ընդհանրապես վերջին տուրերում մասնակիցները բավական խաղաղասիրաբար են տրամադրված: 8-րդ եւ 9-րդ տուրերի բոլոր պարտիաներում շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին: Ոչ-ոքի ավարտ ունեցան նաեւ Մեկինգ-Անդերսոն, Թիման-Չիբուրդանիձե, Ռիբլի-Շուբա պարտիաները:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ