Երեկ մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է տասը հարց: ՀՀ կառավարությունը խորհրդարանի առաջին ընթերցմանը ներկայացրել է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Առաջարկվում է պետության համար լրացուցիչ ֆինանսական կամ գույքային որեւէ պարտավորություն չառաջացնող եւ գործող օրենքներին չհակասող` դրամական օգնություն կամ այլ տեսակի օժանդակություն նախատեսող միջպետական միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտցվեն պարզեցված ընթացակարգով: Ինչը նշանակում է առանց Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու: Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի գնահատականով նորամուծությունը հնարավորություն է տալիս խուսափելու առկա բարդ ընթացակարգերից: Իբրեւ փաստարկ նախարարը նշեց նաեւ, որ ֆինանսական օժանդակություն ցուցաբերող միջազգային շատ կազմակերպություններ բարդ ընթացակարգերի եւ ժամանակի կորստի պատճառով խուսափում են աջակցություն ցուցաբերել: Ներկայացված հիմնավորումները «Ժառանգություն» խմբակցության տեսանկյունից համոզիչ չեն եւ իրենք համոզված են, որ ընթացակարգերի պարզեցումը կարող է սողանցքեր ստեղծել փողերի լվացման, վերահսկողության թուլացման առումով: Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի գնահատականով էլ առաջարկը փորձ է միջազգային պայմանագրերը վավերացնելիս ԱԺ-ը շրջանցելու, քանի որ այլ համագործակցություն ձեւակերպման դեպքում կարելի է հասկանալ ամեն ինչ: Հարցի արագ ընթացակարգով քննարկելու որոշումը պատգամավորը համարում է օրենսդրական տեռոր եւ ԱԺ դակիչի վերածելու փորձ: Ի պատասխան նախարարը վստահեցրեց, որ միջազգային պայմանագրերը ավելի քան վերահսկվում են եւ, անկախ պայմանագրերին իրավական ուժ տալու եղանակից, դրանք մնում են վերահսկելի: Սակայն համոզիչ չգտան նախարարի վստահեցումները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ «Ժառանգություն» խմբակցությունը, որի ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց. «Յուղոտ գործարքներ կան, որ ուզում են անել առանց ԱԺ համաձայնության: Նման նախադեպեր եղել են, երբ կառավարության նիստը վարել է գործող նախագահը»: Նախագծի քվեարկությունը ամենայն հավանականությամբ տեղի կունենա այսօր:
Լրացնում են, որպեսզի սահմանափակե՞ն
Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել նաեւ «Պետական տուրքի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերը: Առաջինումՙ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվում է կատարել հետեւյալ լրացումը. «ՀՀ հեռուստառադիոընկերության կողմից օտարերկրյա զանգվածային լրատվական միջոցի ազգային խմբագրության կամ ծառայության հաղորդաշարի, հաղորդումների յուրաքանչյուր թողարկման համար բազային տուրքի 70-ապատիկի չափով պետական տուրք է վճարվում»:
Լրացուցիչ պետական տուրքի գանձումը հիմնավորված է տեղական եւ օտարերկրյա ընկերությունների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը երեկ կարծիք է արտահայտել, որ հիմնավորումն այդ անտրամաբանական է, քանի որ անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում զուտ հայրենական արտադրանքից բաղկացած հեռուստահաղորդաշարեր հեռարձակող հեռուստաընկերությունները: Խնդրին իր մոտեցումները ներկայացնելուց հետո հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է. «Կարծում ենք, որ ՀՀ կառավարության ներկայացրած oրինագիծը պատշաճ հիմնավորված չէ եւ հետեւաբար կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների»:
Ն. Պ.