«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2007-06-26 | #120, 2007-06-27 | #121, 2007-06-28


ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՎԱԾ ԲՆԱՓԱՅՏՈՎ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ 300 ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրիտանական կառավարությունը մտադիր է Հայաստանին օգնել` լուծելու անտառահատումների խնդիրը

Երեկ Հայաստանի ամերիկյան համալսարանում «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի աշխատակից Մանուկ Հերգնյանը ներկայացրել է աննախադեպ ուսումնասիրություն Հայաստանում անտառահատումների եւ փայտամշակման վերաբերյալ: Ուսումնասիրությունը ֆինանսավորել են «Էկո-Հայաստան» դաշինքը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Ներկայացվել են անմշակ անտառափայտի սպառման ու փայտամշակման ոլորտի ֆինանսական հոսքերի, բնափայտի եւ պատրաստի փայտե իրերի արտահանման ծավալներն ու արժեքները, եւ բնականաբար, առաջարկներ` անտառների վրա տնտեսական ճնշումը նվազեցնելու վերաբերյալ:

Զեկույցի տվյալների համաձայն, 1993 թվականից մինչեւ 2006 թվականը Հայաստանի անտառային զանգվածները կրճատվել են 68 հազար հա-ով, 1993 թվականի 300 հազար հա-ից հասնելով 232 հազար հա-ի: Նշվել է, որ հանրապետությունում փայտամշակման ոլորտում 300 փոքր ու միջին ձեռնարկություններ կան, որոնք հիմնականում աշխատում են ապօրինի հատված բնափայտով: «Ոլորտի իրական շրջանառության ծավալներն ավելի քան 10 անգամ գերազանցում են պաշտոնական տվյալներին: Փայտանյութի արտահանման իրական ծավալները մոտ 3 անգամ բարձր են պաշտոնական թվերից», հայտարարվում է զեկույցի մեջ:

Պարզաբանվել է, որ Հայաստանում տնտեսությունների 9 տոկոսը ջեռուցման ու սննդի նպատակով փայտ է օգտագործում: Բնականաբար, ընդգծվել է նաեւ անտառանյութի կիրառման սահմանափակումներին օժանդակող այնպիսի միջոցառումների հրատապությունը, ինչպիսին է անտառամերձ գյուղերն ու շրջանները բնական գազով ապահովելը եւ այդ նպատակով գյուղացիներին միկրովարկերի տրամադրումը:

Մինչ օրս էլ (չնայած այդքան խոսվում է այդ մասին), մութ է մնում, թե որքանով իրական է ու ինչ ծավալներ ունի Հայաստանից անտառանյութի արտահանումը: «Վերջին տասնամյակում փայտանյութի ապօրինի առեւտրից ստացվող եկամուտները, ինչպես նաեւ անմշակ անտառափայտի, փայտե ապրանքների արտահանումից ստացվող եկամուտների ծավալները հասնում են միլիոնավոր ԱՄՆ դոլարների», արձանագրում է հետազոտությունը:

Առաջարկվում է ընդհանրապես արգելել փայտանյութի արտահանումը ու սահմանել պետական խիստ հսկողություն, իսկ բնափայտի ներմուծումը, հակառակը, խրախուսել:

«Եթե այսպես շարունակվի, Հայաստանի անտառների ապագան լուրջ սպառնալիքի տակ է», հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր պաշտոնակատար Ռիչարդ Հայդը: Նա տեղեկացրել է, որ բրիտանական կառավարությունը մտադիր է աջակցել Հայաստանին էկոլոգիական խնդիրների եւ մասնավորապես անտառահատումների հետ կապված խնդիրները լուծելու հարցում: Այն պարզ ճշմարտության խոր գիտակցմամբ, որ չեն լինում էկոլոգիական տեղային պրոբլեմներ, որ դրանց ազդեցությունը ընդհանրական է ողջ մոլորակի համար:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4