«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#119, 2007-06-26 | #120, 2007-06-27 | #121, 2007-06-28


ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԸ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՅՑԵՏՈՄՍ ԵՆ

Միջազգային գիտաժողովների անցկացումն Արցախում արդեն ավանդական է դարձել: Օրերս անցկացված «Շուշին հայոց քաղաքակրթության օրրան» թեմայով գիտաժողովը չորրորդն էր, որի կազմակերպիչները ՀՀ եւ ԼՂՀ կրթական գերատեսչությունները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան եւ Երեւանի ու Արցախի պետհամալսարաններն էին:

Այս կարեւոր միջոցառման կապակցությամբ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Դա առավել քան հրատապ է դառնում այսօր, ակնհայտ պատմական իրողությունների այն շահարկումների մեջ եւ աղավաղումների համապատկերում, որոնք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համապատկերում շարունակաբար շրջանառվում են մեր ընդդիմախոսների կողմից»:

Դժվար է չհամաձայնել այն մտքին, որ Շուշին գիտակրթական եւ մշակութային բնագավառներում նշանակալից դեր է խաղացել հայ իրականության մեջՙ դարերում պահպանելով հայեցիության անջնջելի դիմագիծը: Միեւնույն ժամանակ Շուշին Արցախի հայապատկանության անվիճելի կռվան է, որի ճշմարիտ ընկալումը կարող է բանալի դառնալ հակամարտության բուն էության ըմբռնումներում: Պատմական փաստերի գիտական հիմնավորումները գիտաժողովում հնչած բոլոր զեկուցումներում ու ելույթներում առանձնահատուկ տեղ էին գրավում, որով էլ կարելի է գնահատել միջոցառման իրական նշանակությունը:

Ընդհանրապես, Արցախում կազմակերպվող որեւէ բնույթի միջոցառում, որի ծավալային շրջանակները աշխարհագրական լայն տարածք են ընդգրկում, անկախ դրանց մակարդակից, միշտ էլ հատկանշվում են գնահատման բարձր նիշով: Վերապահումների խնդիր չկա. գլխավոր նպատակը Արցախը միջազգային ուղեծրեր դուրս հանելն է: Շուշիին նվիրված վերոհիշյալ գիտաժողովի պարագայում կարող ենք ավելին ասել, որովհետեւ զեկուցումների հեղինակները նաեւ ՀՀ եւ ԱՄՆ գիտական հեղինակավոր հաստատությունների ներկայացուցիչներ էին, իսկ արծարծված թեմաներն ընդգրկում էին պատմաքաղաքական, ազգագրական, հոգեւոր եւ այլ բնագավառներ:

Գիտաժողովի ավարտից հետո ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, բոլորին հուշանվերներ հանձնեց:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ավարտված գիտաժողովների արդյունքները, ներկայացված զեկուցումների ու ելույթների տեսքով, անպայման հրապարակվում են ամփոփ ժողովածուի մեջ: Բացառություն չի լինի նաեւ այս մեկը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հավաստմամբ, նախատեսվում է առաջիկայում օտար լեզվով հրատարակել այս եւ նախորդ գիտաժողովներում ներկայացված հոդվածների ընտրանին: Միեւնույն ժամանակ աշնանը կստեղծվի դրանց նվիրված կայքէջ, ինչը ղարաբաղյան գիտաժողովների միջազգային քարոզչության առումով նույնպես կարեւոր նշանակություն կունենա:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4