«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԵՐԻ ԱՐԳԵԼՔ ՉԷ

Այլապես ՀՀ արտգործնախարար Օսկանյանը չէր ժամանի Ստամբուլ»

Դեռեւս շարունակում են Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հունիսի 25-ին Ստամբուլում «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպման թուրքական արձագանքները: Դրանցից թերեւս պետք է առանձնացնել Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, նախկին դեսպան Օմեր Էնգին Լյութեմի հունիսի 26-ին միեւնույն ինստիտուտի բյուլետենում հրապարակված մեկնաբանությունը եւ հայտնի թուրք լրագրող Ջան Դյունդարի տպավորությունը, որը հրապարակվել է «Միլիեթի» հունիսի 28-ի համարում:

Երկու դեպքում էլ հեղինակների տեսակետները հստակ շարադրված են, այդ իսկ պատճառով նախընտրում ենք դրանցից առավել կարեւորները նույնությամբ ներկայացնել: Լյութեմը նշում է. «Թեեւ Հայաստանը անդամակցում է «Սեւծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպությանը, սակայն նախագահ Քոչարյանը չմասնակցեց գագաթաժողովին, իսկ ՀՀ արտգործնախարարը դա պատճառաբանել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ: Եթե դա արգելք է պաշտոնական այցերի համար, ապա Օսկանյանը ինչպե՞ս է ժամանել Ստամբուլ: Ի դեպ, հիշեցնենք, որ նախագահ Քոչարյանը 1999 թ. Ստամբուլում մասնակցել էր ԵԱՀԿ-ի գագաթաժողովին: Քոչարյանի Ստամբուլ չգալու պատճառը այսպիսի այցին հայաստանյան հասարակության եւ հայկական սփյուռքի բացասական մոտեցումն է: Ցեղասպանության պնդումների եւ հայ-թուրքական սահմանի հարցերի անընդմեջ վերարծարծումը երկրում Թուրքիայի համար անբարենպաստ մթնոլորտ է ստեղծել, ինչի հետեւանքով Հայաստանի նախագահը նախընտրել է չգալ: Մինչդեռ նրա երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Որքան էլ դրա լուծման ճանապարհը բանակցությունները լինեն, Հայաստանը, ելնելով այդ խնդիրները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ճնշումներով լուծելու համոզմունքից, վերջին շրջանում խուսափում է Թուրքիայի հետ բարձր մակարդակի հանդիպումներից: Հայաստանը լուրջ խնդիրներ ունի նաեւ Ադրբեջանի հետ: Սակայն դրանք չխանգարեցին Օսկանյանին, որ Ստամբուլի գագաթաժողովում առաջ քաշի Ղարաբաղի հայության ինքնապաշտպանության թեզը եւ դրանով արդարացնի Ադրբեջանի տարածքների օկուպացումը»:

Ինչ վերաբերում է Դյունդարին, ապա նա նույնպես անդրադարձել է գագաթաժողովում ՀՀ նախագահ Քոչարյանի բացակայությանը, նշելով. «Նախագահ Քոչարյանը չժամանեց պետության ղեկավարների մասնակցությամբ հրավիրված գագաթաժողովին, այլ արտգործնախարարի միջոցով ուղերձ փոխանցեց: Նախորդ առավոտ մի խումբ լրագրողներս Օսկանյանի հետ հանդիպեցինք նախաճաշին: Երեւանյան ճակատում որեւէ նորություն չկա: Ավելին, կարելի է ասել, որ հարաբերությունները նախորդ 3-4 տարիների համեմատ ավելի դժվարին են լինելու: Այս հանգամանքը պետք է բացատրել «զգացմունքային» պատճառներով: «Մեկ ազգ, երկու պետություն» լինելու մղումը, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառում Ադրբեջանի հետ Թուրքիայի հետզհետե զարգացող համագործակցությունը հանգեցնում են թուրքական արտաքին քաղաքականության վրա ադրբեջանական ազդեցության ուժեղացմանը: Օսկանյանին հարցրեցինք, թե ի՞նչ տպավորություն գործեց Հրանտ Դինքի հուղարկավորությանը հնչած «Բոլորս հայ ենք» կարգախոսը Երեւանում: Նա ասաց. «Մեծ անակնկալ էր, շատ զարմացանք եւ ազդվեցինք»: Երկու կողմերում էլ նկատվում է փոխանվստահությունից բխող երկչոտությունը: Հայաստանը պետք է իմանա, որ հարեւանի հետ պետական սահմանները չճանաչելու, նրան «ցեղասպանության» մեջ մեղադրելու, առավել եւս նրա եղբոր հողը բռնազավթելու դեպքում դժվար թե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Դրա համար պետք է պաշտոնապես հայտարարել առկա սահմանները ճանաչելու մասին եւ դուրս գալ Ղարաբաղից: Ի պատասխան դրա, Թուրքիան էլ պետք է բացի Հայաստանի սահմանը, չէ՞ որ չնայած Հունաստանի եւ Բուլղարիայի հետ ժամանակին առաջացած ճգնաժամերին, նա սահման չէր փակել»:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4