«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐԸ ՆՈՍՐԱՆՈՒՄ ԵՆ

«Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ, «Իրավական աջակցության կենտրոնի» ղեկավար, «Հովհաննես Թումանյան» հայրենակցական միության նախագահ Սուրեն Մամիկոնյանը երեկ հայտարարել է, որ «իր թիմով» (չմանրամասնելով անդամների ստույգ թիվը) դուրս է գալիս կուսակցությունից: Պրն Մամիկոնյանն այդ քայլը պատճառաբանել է, որ ՕԵԿ-ը չի կատարում իր նախընտրական խոստումները... Բողոքարկելով խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ՕԵԿ-ը չհրաժարվեց պատգամավորական մանդատներիցՙ ժողովրդի մեջ հիմնավորելով «կեղծ ընդդիմություն» լինելու իր մասին գոյություն ունեցող վարկածը», ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններում Սուրեն Մամիկոնյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր իր թեկնածությունը թիվ 4 ընտրատարածքում, բայց այդ ընտրատարածքի թեժ պայքարում նրան հաղթել չհաջողվեց: «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայության պատասխանատուներից «Ազգը» փորձեց ճշտել, թե քանի՞ անդամ է կուսակցության շարքերը լքել: Սուսաննա Աբրահամյանն ասաց, որ «Սուրեն Մամիկոնյանը մեր կուսակցության 100 հազարավոր անդամներից մեկն է եղել, որը, այո, այսօր լքել է կուսակցության շարքերը»:

Նյութը պատրաստ էր, երբ խմբագրություն զանգահարեց ՕԵԿ-ի Արաբկիր համայնքի կոորդինատոր Ստյոպա Վարդանյանը ու տեղեկացրեց, որ «մենք ունենք ընդամենը 20 մարզային նախագահներ, որոնցից մեկը Սուրեն Մամիկոնյանն էր, եւ նրա շուրջը չկար մի մեծ խմբավորում, եւ ոչ ոք դուրս չի եկել: Ասեմ, որ կուսակցությունը լքել են միայն Սուրենը եւ իր որդինՙ Արամը»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4