Կառավարության հաստատած ճանապարհային երթեւեկության նոր կանոններով
Ճանապարհային ոստիկանության պետ Իշխան Իշխանյանը երեկ լրագրողներին ներկայացրեց կառավարության հաստատած ճանապարհային երթեւեկության կանոնները, տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների եւ պայմանների ցանկը, ինչպես նաեւ հանված հաշվառման համարանիշերը համապատասխան մարմիններին հանձնելու, պահպանելու եւ վարորդին վերադարձնելու կարգը: Նա տեղեկացրեց, որ ճանապարհային երթեւեկության կանոններից հանվել են այն դրույթները, որոնք արդեն ընդգրկվել են համապատասխան օրենքում: Միաժամանակ սահմանվել են նոր նշաններՙ խցանում, ձյունագնաց, հսկիչ կետ եւ այլն, որոնք զգուշացնում են վարորդներինՙ ճանապարհին դրանց առկայության մասին: Կամ ճանապարհային ոստիկանության մեքենայի առկայծող կարմիր լույսը հավասար է լուսացույցի կարմիր լույսին եւ այն տեսնելու դեպքում վարորդները պետք է կանգ առնեն:
Ինչ մնում է տրանսպորտային միջոցների շահագործումն արգելելու պայմաններին, ապա դրանք ուժի մեջ են եթե անսարք են մեքենաների արգելակային համակարգը, արտաքին լուսավորման սարքերը, շարժիչը եւ այլն:
Ինչպե՞ս են իրականացվելու բարեփոխումները ճանապարհային ոստիկանությունում, եթե Համաշխարհային բանկը չի համաձայնում ֆինանսավորել դրանք: Այս հարցին պատասխանելով, Իշխան Իշխանյանն ասաց, որ ՀԲ-ի հետ երկու տարի շարունակվող բանակցություններն այս կապակցությամբ իսկապես անարդյունք եղան: Սակայն դա չի նշանակում, որ բարեփոխումները չեն իրականացվի: Բյուջեից գումարներ կհատկացվեն նոր ոստիկանական ավտոմեքենաների եւ այլ ժամանակակից տեխնիկայի գնման համար: Օրինակՙ այնպիսի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս մեքենայի միջից որոշելՙ անցնող մեքենաները գերազանցում են արագությունը, թե՞ ոչ: Մի խոսքով այս ամենը հավանաբար կսկսենք ստանալ սեպտեմբեր ամսից, ինչի մասին համապատասխան մրցույթը շահած կազմակերպության ներկայացուցիչը հաղորդել է ճանապարհային ոստիկանության պետին:
«Ազգի» հարցին, թե արդյոք ճանապարհային ոստիկանության գործառույթներից չէ խցանումների վերացումը փողոցներում, նկատի ունենալով Երեւանի երթեւեկության կաթվածահար վիճակը մի քանի օր առաջ, Իշխան Իշխանյանը պատասխանեց, որ այդ գործառույթները շարունակում են համարվել ճանապարհային ոստիկանությանը: Տվյալ օրվա խցանումները նա պատճառաբանեց այն բանով, որ շինարարական կազմակերպությունները համապատասխան նշաններով չէին կահավորել այն տարածքները, որոնցում իրականացվող աշխատանքների պատճառով փակվել են մի քանի փողոցներ: Իշխան Իշխանյանն ասաց, որ այդ պատճառով ոստիկանության կարգախմբերը հանվել էին, եւ պահանջ էր դրվել այդ տարածքներում տեղադրել համապատասխան նշանները: Դրանք տեղադրելուց հետո հաջորդ օրն արդեն երթեւեկությունը կարգավորվեց եւ խցանումներ չեղան:
Կառավարությունը երեկ հաստատել է նաեւ Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի տեղական դեպքերի վերացման, խոզուկի վերահսկման եւ բնածին կարմրախտային համախտանիշի կանխարգելման 2007-2010 թթ. ազգային ծրագիրը: Ներկայացնելով այն, առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանն ասաց, որ նպատակ կա հիշյալ ժամանակաշրջանում հասնել այդ հիվանդությունների վերացմանը: Այդ առումով նա կարեւորեց պատվաստումների անհրաժեշտությունը եւ կոչ արեց, որ դրանց պարտադիր լինելու մասին քարոզել լրատվամիջոցներով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ