«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆՆԵՐԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆ, ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ...

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը եւ վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը պահածոյացման սեզոնից ու շոգերի սաստկանալուց առաջ երեկ լրագրողների միջոցով կրկին փորձում էին նախազգուշացնել բնակչությանը` նախ` հրաժարվել ձմռան համար միրգ ու բանջարեղեն բանկաների մեջ պահեստավորելու վատ ավանդույթից, եւ հետո` ինչպես գարնան դեմ, սունկ չհավաքել անտառներից, տնամերձերից, դաշտերից, ինչքան էլ փորձված աչք ունենաս ու վարպետ համարես քեզ:

Ուտելի սնկերից շատերը երկվորյակ նմանակներ ունեն, եւ բացի այդ նրանց կողքին աճած մի թունավոր սնկից իրենք եւս կարող են թունավորվել: Ապացույցն ամեն տարի արձանագրվող դեպքերն են: Սնկային թունավորումների ալիքը ընդամենը մի քանի օր առաջ տարածվեց նաեւ Վանաձորում: Բարեբախտաբար, 21 թունավորվածներից ոչ ոք լրջորեն չտուժեց:

Անցած տարվա ընթացքում սնկերից թունավորման 57 դեպք է արձանագրվել Հայաստանում, տուժել է 95 մարդ, որոնցից 7-ը, ցավոք, մահացել են:

Այս տարի ընդհանուր առմամբ 18 դեպք է արձանագրվել, տուժել է 35-ը: Անկասկած, բնակչությանը սնկեր չհավաքելու ամենամյա կոչերի փոխարեն (նրանք, միեւնույն է, հավաքելու են), շուկաներում սնկաբան մասնագետներ կարելի էր ունենալ կամ գոնե սունկի վաճառք թույլատրել միայն անվտանգության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո:

Շոգերի պատճառած վնասներն աշխարհում ավելի ու ավելի տագնապալի են դառնում: Խիստ շոգի պատճառով Իտալիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Հունաստանում եւ Բալկանյան պետություններում անցած շաբաթվա ընթացքում 42 մարդ մահացավ: Աթենքում ջերմաստիճանը բարձրացել է ռեկորդային 44 աստիճանի: Մեզ մոտ դեռեւս ամառը խնայում է մեզ, բայց հայտնի չէ, թե հետո ինչ կլինի:

Շոգին դիմագրավելու ամենապարզ միջոցը, ըստ համաճարակաբանների, սովորականից անհամեմատ ավելի մեծ քանակով հեղուկների, եւ հատկապես թանի օգտագործումն է: Թանն ինքը սպիտակուցներ է պարունակում, որոնք կլրացնեն քրտնելու հետեւանքով օրգանիզմից հեռացած սպիտակուցների տեղը:

Եվ մի ուշագրավ փաստ եւս. Մարիետա Բասիլիսյանը տեղեկացրեց, որ այս սեզոնին որեւէ օր չի լինում, որ իրենք բնակիչներից բողոքներ չստանան սրճարանների, ռեստորանների` հատկապես գիշերային աղմուկից: Դատարաններում բազմաթիվ հայցեր կան աղմուկի վերաբերյալ: Ըստ երեւույթին, աղմուկը եւս դառնում է սոցիալական հիգիենայի հերթական անլուծելի խնդիրը, քանի որ օրենսդրական անկատարությունները չափազանց շատ են հատկապես երբ խոսքը վերաբերում է բնակիչների սննդի անվտանգությանը, նյարդերի ու հանգստի, առողջության պահպանմանը: Ցերեկային ժամերին, օրինակ, աղմուկի վերահսկումը, ըստ օրենքի, համաճարակաբանների խնդիրն է, սակայն գիշերային ժամերին լռության կանոնների վերահսկումը տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է: Իսկ եթե 100 տեր կա, ուրեմն ոչ մեկը տեր չէ խնդրին:

Հետաքրքրական է, որ մեզ մոտ տարիներ երկարակյաց ու անլուծելի են հենց այն խնդիրները, որոնց վերահսկողությունը դրված է միանգամից մի քանի ատյանների վրա:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4