Տնօրենների մրցույթի իրավական ու ազատական անթերիությունը` ընդդեմ ազգային դպրոցների
Վրաստանում կրթական համակարգի, հատկապես դպրոցների բարեփոխումների ծրագրի իրագործումը շատ յուրօրինակ ազդեցություն ունեցավ երկրի ազգային փոքրամասնությունների վրա, հատկապես այն տարածաշրջաններում, որոնք մեծապես բնակեցված են այս կամ այն փոքրամասնության ներկայացուցիչներով եւ որպես հետեւանք առկա են, այսպես կոչված, ազգային դպրոցներ: Մասնավորապես այդ դպրոցների տնօրենների մրցույթի ընթացակարգի բոլոր բաղկացուցիչները վրացերեն էին, որ էականորեն դժվարացրեց, անգամ շատ դեպքերում անհավանական դարձրեց ազգային փոքրամասնությունների տնօրենների հաղթանակը:
Բնավ էլ նորություն ու գյուտ չէր կրթական համակարգի վերակազմակերպումն իրականացնող վրաց իշխանությունների համար, որ, ասենք, հայաբնակ Ջավախքում կամ ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիում տնօրենները չեն կարող բավարար մակարդակով խոսել վրացերեն, ուր մնաց գրավոր քննություն բռնեն օրենսդրության, կառավարման եւ այլ հարցեր պարունակող թեսթերով:
Նախ, Վրաստանի գրեթե 2500 դպրոցների համար հայտարարվեց տնօրենների մրցույթ մի քանի փուլով: Առաջին փուլում պարտադրվեց հաղթահարել Վրաստանի համապատասխան օրենսդրության, տրամաբանության, դպրոցի կառավարմանՙ մենեջմենթին վերաբերող հարցերով թեսթերը գրավոր տարբերակով եւ վրացերեն: Հենց այս փուլին բավականին թվով հայ տնօրեններ ուղղակի չմասնակցեցին. բավարար չէր վրացերենի իմացությունը:
Այնուհետեւ մրցույթի առաջին փուլին մասնակից 5187 թեկնածուներից բանավոր փուլին մասնակցեցին 3457 թեկնածուներ` գրավոր հարցման ընթացքում հաղթահարելով նվազագույն անհրաժեշտ բալերի շեմը: Բանավոր փուլում այդ նպատակով կազմված հանձնաժողովներին թեկնածուները ներկայացրեցին դպրոցի կառավարման իրենց մոտեցումներն ու իրենցՙ որպես անհատներ: Հանձնաժողովներն ընտրեցին 2078 թեկնածուներին, որոնց որպես երրորդ փուլ սպասում է մեկ այլ «քննական ատյան»` դպրոցների ուսուցիչներից ու աշակերտներից կազմված հոգաբարձուների խորհուրդները:
Եվ այսպես, Վրաստանի կրթության նախարարությանՙ «Ազգի» զրուցակիցների հավաստմամբ, 2078 թեկնածուներից առաջին 20 տոկոսին հնարավորություն տրվեց ընտրելու այն դպրոցը, ուր կգնան որպես տնօրեն: Միեւնույն ժամանակ, պահպանելով տարածաշրջանային եւ շրջանային սկզբունքը, վիճակահանությամբ որոշվեցին դպրոցներ հաղթած մյուս թեկնածուների համար` ընդգրկելով նաեւ այն դպրոցները, որ ընտրել էին «լավագույնները»: Այդպիսով ստացվեց, որ Վրաստանի ընդհանուր թվով մոտ 2500 դպրոցներից գրեթե 700-ը առանց որեւէ թեկնածուի մնացին: Մյուս դպրոցներում համապատասխանաբար հայտնվեցին երկու կամ երեք թեկնածուներ, որոնցից էլ ընտրություն կարող է անել յուրաքանչյուր դպրոցի հոգաբարձուների խորհուրդը:
Բավականին օրինական, իրավական, օրենսդրորեն գրագետ ու իրագործման մեխանիզմի առումով մտածված «բարեփոխումների» այս մեխանիզմի արդյունքն այն է, որ, նախ, Ջավախքում գործող շատ տնօրեններ հրաժարվեցին մասնակցել մրցույթին, մյուսները չհաղթահարեցին վրացերենով անցկացված առաջին գրավոր թեսթը: Այդպիսով, տնօրենների հայ թեկնածուների թիվն ի սկզբանե զգալի կրճատվեց:
Եվ հետաքրքրական է, որ անգամ հոգաբարձուների խորհուրդներին տրված բավականին հզոր լծակը չի կարող ազատել անցանկալի տնօրենի առկայությունից հայկական որեւէ դպրոց: Խնդիրն այն է, որ երկու անգամ հոգաբարձուների խորհրդի մերժումը ստանալու պարագայում Վրաստանի կրթության նախարարությունն իրավասու է նշանակել տնօրեն:
Ինչ վերաբերում է որեւէ շրջանում վիճակահանությամբ որոշված դպրոցների եւ տնօրենների թեկնածուների բնակության տարբեր աշխարհագրությանը, ապա «Ազգի» զրուցակիցները Վրաստանի կրթության նախարարությունից եւս հավաստեցին, որ, օրինակ, բնակության գյուղից շատ հեռու դպրոցում հայտնվելու դեպքեր կան, ինչը մտահոգություն առաջացնում է, բայց դեռ չունի լուծում:
«Ազգի» հետ զրույցում, բավականին անսպասելի, այս «մրցույթի» առնչությամբ գոհունակություն հայտնեց Թբիլիսիում գործող ամբողջությամբ երկու հայկական դպրոցներից մեկի` թիվ 104 դպրոցի (մյուս հայկական դպրոցը թիվ 95-ն է, բացի այդ գործում են նաեւ ռուսական դպրոցներին կից հայկական 4 մասնաճյուղեր) արդեն տնօրենի պաշտոնակատար Կարինե Մանուկյանը, որ երեկոյան ուշ ժամին էլ դեռ գտնվում էր դպրոցում:
Մանուկյանը պարզաբանեց, որ մասնակցել է մրցույթին եւ, սեփական խոսքերի համաձայն, հայկական կրթությամբ եւ գրեթե չպատրաստված, անցել բոլոր փուլերը: Թիվ 104 դպրոցի տնօրենի պաշտոնակատարը գտնում է, թե անցկացված մրցույթի գնահատականը դրական է, քանի որ պատահական մարդիկ չպետք է հայտնվեն դպրոցում:
«Ազգի» հարցին, թե այդ դեպքում ինչպես հասկանալ ազգային փոքրամասնությունների դպրոցների տնօրենների, այդ թվում` հայկականների հանդեպ մրցույթի կիրառումը, երբ ակնհայտորեն վրացերենը մատչելի չէր տնօրենների թեկնածուներին, Կարինե Մանուկյանը որեւէ պատասխան չտվեց: Իսկ հարցին, թե որքանով կարող է թեկուզ թիֆլիսյան հայկական դպրոցում հայտնված վրացի տնօրենը պաշտպանել հայկական դպրոցի շահերը կամ ընդհանրապես ներկայացնել դպրոցը, Կարինե Մանուկյանը, մրցույթին տրված գնահատականի նման թերեւս եվրոպական մոտեցմամբ, պարզաբանեց, որ Վրաստանը ընդունում է դպրոցի տնօրենին որպես մենեջեր: Մանուկյանը նշեց, որ այդ պարագայում վրացի տնօրենը կարող է ղեկավարել հայկական դպրոցը, եւ, կարծես ձեռքի հետ ավելացրեց, որ ցանկալի կլիներ հայերենի իմացությունը:
Ամեն դեպքում, տիկին Մանուկյանը տեղեկացրեց, որ Թբիլիսիի կտրվածքով, տնօրենների մրցույթին մասնակցել է ընդամենը 8 թեկնածու, որոնցից երկուսը չի հաղթահարել մրցութային փուլերը: Կոնկրետ Կարինե Մանուկյանի պարագայում վիճակահանությամբ որոշվել է որպես տնօրենի թեկնածուի նրան ուղարկել թիվ 106 վրացական դպրոց, որտեղ բացի հայ թեկնածուից կա եւս մեկ վրացի թեկնածու: Ի դեպ, մեզ հետ զրույցի ժամանակ տիկին Մանուկյանը աշխատում էր վրացական թիվ 106 դպրոցի հոգաբարձուների խորհրդին ներկայացնելիք ծրագրի վրա:
Թիվ 110 դպրոցը ներկայումս ռուսական է` մոտ 300 աշակերտով եւ հայկական սեկտորի գրեթե 150 աշակերտով: Դպրոցի ներկայիս տնօրեն Հասմիկ Պապիկյանը չի մասնակցել մրցույթին, քանի որ, ինչպես տեղեկացրեց «Ազգին», չի նախընտրում լինել մենեջեր-տնօրեն, այլ ավելի սրտամոտ է համարում անմիջապես երեխաների հետ աշխատանքը: Չնայած մրցույթն, ընդհանուր առմամբ, Պապիկյանը որակեց վիճելի հարցերով, բայց արդար հնարավորություններ տվող, այնուամենայնիվ, ժողովրդավարական է այն մոտեցումը, որ տարբերակում չի դրվել վրացական, ռուսական, հայկական դպրոցների միջեւ:
Ներկա դրությամբ թիվ 110 դպրոցին «բաժին են ընկել» տնօրենի երկու վրացի թեկնածու: Հասմիկ Պապիկյանը հայտնեց հոգաբարձուների մտահոգության մասին, թե չգիտեն` ում ընտրել այնպիսի մի դպրոցի համար, որտեղ կա բավականին մեծ թվով աշակերտներ ունեցող հայկական բաժին, իսկ ռուսական հատվածի աշակերտների 97 տոկոսը նույնպես հայեր են: «Ազգի» հարցին, թե ի՞նչ դեր ունի տնօրենի լեզվի իմացությունը ազգային դպրոցում, Պապիկյանը պարզաբանեց, որ թիվ 110 դպրոցը գտնվում է Թբիլիսիի Մետրոստրոյ թաղամասում, որտեղ մեծապես հայեր են ապրում, եւ դպրոցի աշակերտների մեծ մասի ծնողները չգիտեն վրացերեն: Ըստ Պապիկյանի, գոնե Վրաստանի մասշտաբով այսպիսի մեծ ազգային դպրոցում պիտի տնօրենը հայ լինի:
Ինչեւէ, այս դպրոցը 13 տարի վրացի տնօրեն է ունեցել, որ թեեւ մասնակցել է դպրոցում կազմակերպված միջոցառումներին, սակայն այդպես էլ տառացիորեն մասնակից չի դարձել դրանց:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի