«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2007-06-27 | #121, 2007-06-28 | #122, 2007-06-29


«ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԵՎ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՆՔ ՓՐԿԵԼ ՆԱԵՎ ՀՈՒՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ»

Հունաստանի նախագահն այցելեց հայկական մշակույթի եւ հոգեւոր կենտրոններ

Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով պետական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությունը երեկ` վաղ առավոտյան այցելեց Մատենադարան` հայոց հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Հայ հին ձեռագրերի մեր անգին գրապահոցը արժանացավ նաեւ հույների հետաքրքրությանն ու հիացմունքին: Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանն ամփոփ ներկայացնում էր հայ գրերի ստեղծման նախապատմությունը, մաշտոցյան շրջանն ու դրան հաջորդած ժամանակաշրջանները` կանգ առնելով արժեքավոր, հին եւ շատ տպավորիչ ձեռագրերի վրա:

Հույներին խիստ հուզեց Մատենադարանի հարուստ ֆոնդում հունարենից թարգմանված ոչ պակաս արժեքավոր աշխատանքներ տեսնելը, որոնցից շատերի բնագրերն անգամ չկան:

Մատենադարանից հեռանալիս Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը Սեն Արեւշատյանից որպես նվեր հայկական մանրանկարչության գիրք ստացավ: Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենին ուղղված շնորհակալական խոսքում հույն ղեկավարը երախտագիտություն հայտնեց ձեռագրերի թանգարանին, որոնց շնորհիվ փրկվել են նաեւ հունական փիլիսոփայական, պատմական եւ աշխարհագրական գործեր: Կարոլոս Պապուլիասը թողեց նաեւ իր տպավորությունները թանգարանի հուշերի մատյանում:

Կարոլոս Պապուլիասի, տիկնոջ` Մեյ Պապուլիասի եւ հունական մեծաթիվ պատվիրակությանը երեկ ընդունեց նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հունական պատվիրակությանն ուղեկցել է Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գոհունակություն հայտնելով երկու երկրների մետրմական հարաբերություններից` Ամենայն հայոց կաթողիկոսն անդրադարձել է Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերություններին` վերհիշելով իր հանդիպումները տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի, Աթենքի ու Հունաստանի արքեպիսկոպոս Քրիստոդուլոսի հետ, ինչպես նաեւ 2001 թ. տիեզերական պատրիարքի այցը Հայաստան: Մայր աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տրամադրած տեղեկության համաձայն, Նորին սրբությունն արձանագրել է նաեւ, որ Հունաստանի իշխանությունների շնորհիվ ամեն տարի Մայր աթոռի միաբաններին տրամադրվում է երկու կրթաթոշակ` հոգեւոր ուսումնառությունը Հունաստանի կրթական բարձրագույն հոգեւոր հաստատությունում շարունակելու համար:

«Թե' հայ եւ թե' հույն եկեղեցիները պատմության ընթացքին պայքարեցին մեր բարձր իդեալների համար` ի խնդիր հավատի: Ինչ պիտի լիներ մեր ժողովուրդների ապագան առանց մեր եկեղեցիների», նշել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասն` անդրադառնալով եկեղեցիների կարեւոր դերակատարությանը երկու ժողովուրդների կյանքում:

Պետական եռօրյա այցով Հայաստանում գտնվող հունական պատվիրակությունը` նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորությամբ երեկ մեկնեց Հայաստանից: Հիշեցնենք, որ հունական պատվիրակության կազմում Հայաստանում էին նաեւ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոդորոս Կասսիմիսը եւ պաշտպանության փոխնախարար Իոաննիս Լաբրոպուլոսը: Այցի շրջանակներում Հունաստանի նախագահին եւ պատվիրակությանն ընդունել էր հանրապետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանն ու հայ այլ պաշտոնյաներ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4