Նրանք պետք է հրաժարվեն ստից եւ խեղաթյուրումներից
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը իր հերթական սյունակում անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 106 բանաձեւին աջակցող կոնգրեսականների թվի աճին եւ դրա թուրքական արձագանքներին, գրում է, որ «թուրքերը ցնցված են եւ ավելի հիստերիկ կդառնան առաջիկա օրերին, երբ այդ թիվը առաջին անգամ հասնի 218-ի, որը մեծամասնություն կհամարվի Ներկայացուցիչների պալատում»: Ուշի-ուշով հետեւելով թուրքական մամուլին, Սասունյանը մեջբերում է հետեւյալ ուշագրավ հատվածները:
«Բանաձեւի ընդունման ռիսկը մեծանում է» հոդվածում լրագրող Ումիտ Էնգինսոյը գրում է «Թըրքիշ դեյլի նյուզ» թերթի հունիսի 22-ի համարում. «435 անդամ ունեցող կոնգրեսում 200-ից ավելի կողմնակիցների ներկայությունը վտանգավոր արագությամբ մեծացնում է հնարավորությունը», որ այդ բանաձեւը օրենքի ուժ ստանա: «Սա ռեկորդային թիվ է, որը մոտենում է 218-ին: Դա ընդամենը շաբաթների հարց է, նշում են մեկնաբանները եւ երբ հայերը հասնեն այդ հոգեբանական շեմին, (խոսնակ) Փելոսին ստիպված է լինելու նախագիծը ներկայացնել քվեարկության: Դա կարող է պատահել սեպտեմբերի սկզբներին, երբ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Թուրք պաշտոնյաներն այժմ փորձում են կանխել այլ օրենսդիրների աջակցությունը բանաձեւին կամ փորձում են արդեն աջակցած օրենսդիրներին ստիպել, որ հրաժարվեն իրենց ստորագրություններից: Առայժմ այդ ջանքերը դրական արդյունք չեն արձանագրում»:
Էնգինսոյի հոդվածում հնչած ահազանգը ավելի վտանգավոր կլիներ, եթե նա իմանար, որ նորանոր կոնգրեսականներ արդեն պատրաստակամություն են հայտնել աջակցելու բանաձեւին, կողմնակիցների թիվը հասցնելով 212-ի, որն ընդամենը 6-ով է հետ մնում 218-ի սահմանագծից: Այնպես որ հարցը ոչ թե շաբաթների, այլ օրերի խնդիր է:
Մյուս կողմից, թուրք հայտնի մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը նույն թերթի նախորդՙ հունիսի 21-ի համարում «Հայերն աշխատում են, մենք քնում ենք» խորագրի ներքո գրում է.
«Ոչ ոքի հոգսը չէ: Մենք գտնվում ենք քնաթաթախ վիճակում, մինչ հայերը ակտիվ գործունեություն են ծավալում: Թուրքիայի հեղինակությունը արժեզրկվում է: Մենք պետք է վերջ տանք Վաշինգտոնին անընդհատ սպառնալուն: Դրանից օգուտ չկա: Մենք պետք է պատրաստ լինենք դիմավորելու սեպտեմբերը»:
Բիրանդի կանխագուշակումներով, բանաձեւը օրենքի ուժ ստանալու դեպքում նախադեպ է ծառայելու եւ նպաստելու է, որ այլ երկրների խորհրդարաններ եւս հետեւեն Մ. Նահանգների օրինակին: Բայց նա սխալ է թուրք ղեկավարներին «քնաթաթախ վիճակում» լինելու իր մեղադրական խոսքերում: Ընդհակառակը, նրանք իրենց ամբողջ կարելին արել եւ անում են խոչընդոտելու բանաձեւի անցկացմանըՙ միլիոնավոր դոլարներ վճարելով ու ամերիկյան, հրեական եւ այլ լոբբիստական ընկերությունների վարձելով, որ հօգուտ իրենց քարոզչություն կատարեն: Նաեւ խորհրդարանական եւ զինվորական բարձրաստիճան պատվիրակություններ գործուղելով Մ. Նահանգներ եւ բազմամիլիարդ դոլարների արժողությամբ զենքի գնման պայմանագրեր չեղյալ համարելով:
Ավելի ճիշտ կլիներ, սակայն, եթե թուրք ղեկավարները հրաժարվելով ստից ու խեղաթյուրումներից, ընդունեին հայերին ցեղասպանության ենթարկած լինելու փաստը եւ դրանով իրենց ազատեին ոչ միայն անախորժ վիճակներից, այլեւ ավելորդ միլիարդներ ծախսելու հոգսից: Նրանք այդ դեպքում նաեւ ձեռք կբերեին քաղաքական վարկ եւ հեղինակություն միջազգային հասարակության շրջանակներում:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ