«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2007-06-28 | #122, 2007-06-29 | #123, 2007-06-30


ՀՕՖ-Ը ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՒՐՋ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ Է ՍԿՍԵԼ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայ առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի նախաձեռնությամբ եւ հովանավորության ներքո ստեղծվեց Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ): Այդ ժամանակից առ այսօր ՀՕՖ-ն իր կազմում ընդգրկելով ԱՄՆ-ի հայտնի ու ճանաչված բարերարների ու հայրենասերների, Հայաստանում իրականացրել է շուրջ 260 տարբեր բարեգործական, մարդասիրական օգնության ու զարգացման ծրագրեր, ծախսելով 265 միլիոն դոլար: Երեկ ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակում, ամբողջովին հիմնանորոգումից հետո, առաջին հանդիպումը եղավ ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի եւ ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հետ: Երեկոյան Վեհափառ հայրապետի օրհնությամբ, ՀՀ բարձրաստիճան ղեկավարների ներկայությամբ տեղի ունեցավ ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի շենքի անվանակոչության արարողությունը: Շենքը կրում է ազգային բարերար, ՀՕՖ-ի պատվո ատենապետ Գեւորգ Հովնանյանի եւ տիկին Սիրվարդ Հովնանյանի անունը: Այնուհետեւ սրբազանը տեղեկություններ ներկայացրեց ՀՕՖ-ի մոտ երկու տասնամյակ կատարած աշխատանքների մասին, նշելով, որ հարգարժան Գեւորգ Հովնանյանը, որը հիմնադրման օրվանից եղել է ՀՕՖ-ի ատենապետը, այժմ, հանգստի գնալու պատճառով այդ պաշտոնը սիրով հանձնել է Րենդի Սաբահ-Գուլյանին:

Ասուլիսին առաջիկա 10 տարիներին իրականացվող զարգացման, ընթացիկ ու ավարտուն ծրագրերի մասին խոսեցին ՀՕՖ-ի գործադիր տնօրեն Գառնիկ Նանագուլյանը, տնօրենների խորհրդի անդամ Նշան Աթինիզյանը, Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը եւ ՀՕՖ-ի մամլո քարտուղար Լեւոն Լաճիկյանը: Հյուրերին արդեն ընդունել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, գոհունակությամբ նշել նրանց կատարած աշխատանքները եւ խորհուրդ տվել, որ կազմակերպությունը իր ծրագրերը իրականացնի մարզերում, քանի որ Երեւանը գերհագեցած է արդեն բազմազան ծրագրերով: Պատվիրակությանն ընդունել է արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ հանդիպման ընթացքում Գեւորգ Հովնանյանի ու նախարարի միջեւ արդեն իսկ եղել է պայմանավորվածություն «50 գյուղերի զարգացման» ծրագրի շրջանակներում մեկ գյուղի ամբողջական ծրագիր իրականացնելը: Խաժակ արք. Պարսամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահի, տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, քննարկել առաջիկա զարգացման ծրագրեր: Հյուրերը սրբազանի գլխավորությամբ այցելել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Ստանալով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությունըՙ ԱՄՆ-ի Արեւելյան թեմի խորհրդի անդամները, ՀՕՖ-ի տնօրենների խորհրդի անդամները այսօր Երեւանում կգումարեն տարեկան համաժողով, որի ընթացքում նախանշվելու են նաեւ առաջիկա 10 տարիների գործունեության գլխավոր ուղղությունները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4