Ջերմուկի շախմատի մրցաշարի 4-րդ տուրից հետո տարիքային 3 խմբերում հանդես եկող 68 շախմատիստներից միայն երեքին է հաջողվել 100 տոկոսանոց արդյունքի հասնել:
Նրանցից մեկը մինչեւ 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանն է, որը բազմիցս մեր հանրապետությունը ներկայացրել է միջազգային ասպարեզում: 4-րդ տուրում Սամվելը հաղթեց իր հետ աղյուսակը գլխավորող Խաչատուր Երանյանին: Այդ հաղթանակի շնորհիվ Սամվելը 4 միավորով միանձնյա գլխավորեց աղյուսակը: 3-ական միավորով նրան հետապնդում են Արամ Փլուզյանը, Դավիթ Խաչիկյանը, Արա Դիլոյանը, Հովհաննես Գաբուզյանը, Կամո Ուլիբաբյանը, Խաչատուր Երանյանն ու Վլադ Քանարյանը:
Իր հաղթարշավն է շարունակում նաեւ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հրանտ Մելքումյանը: Նա չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Դավիթ Քալաշյանի նկատմամբ: Նրանից կես միավորով հետ է մնում Հովիկ Հայրապետյանը, որը պարտության մատնեց Շանթ Խաչիկյանին: 3-ական միավորով հաջորդ տեղերում են Վարդան Խոջոյանը եւ Անի Խանամիրյանը:
Մինչեւ 10 տարեկանների մրցաշարում էլ ի հայտ եկավ միանձնյա առաջատարը, որը որոշվեց Մարատ Մեժլումյանի եւ Նիկոլայ Գոլիկովի մրցավեճում: Հաղթեց Մեժլումյանը եւ 4 միավորով գլխավորեց աղյուսակը: Նրան կարող էր միավորներով հավասարվել Կարեն Հովհաննիսյանը, սակայն պարտվեց Արսեն Աղաջանյանին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ