Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում երեկ կեսօրին սկսվեց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող, «Արաքս-Կուր» հիմնադրամի հոգաբարձու խորհրդի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի, նրա գաղափարակից-ընկեր Վարդան Մալխասյանի, ինչպես նաեւ Սեֆիլյանի ծանոթ, արցախյան ազատամարտի մասնակից Վահան (Վանո) Արոյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ ավելի քան 6 ամիս կալանքի տակ պահվող Սեֆիլյանի, Մալխասյանի եւ Արոյանի նկատմամբ քրեական հետապնդման համար առիթ էր դարձել «Հայ կամավորականների համախմբման» 2006 թ. դեկտեմբերի 2-ի հավաքը, որտեղ նրանց կողմից հնչել են իշխանությունը բռնությամբ զավթելու կոչեր:
Մինչ դատավարության սկսվելը դատարանի առջեւ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, ում այս ամիսներին հանդիպել ենք Սեֆիլյանին եւ Մալխասյանին, ինչպես նաեւ ազատագրված տարածքների պաշտպանությանը վերաբերող հարցերի քննարկման ժամանակ: Նրանք լսեցին «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քաղաքական քարտուղար Արմեն Աղայանի խոսքը, ինչպես նաեւ դատավարությանն ու մեղադրյալներին կալանքի տակ պահելու հանգամանքին վերաբերող նրա գնահատականները: Դատարանի դահլիճը լեփ-լեցուն էր ձերբակալվածների ընկերներով, հարազատներով. առաջին շարքում նստած էր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն, ով հաճախ է լինում հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման ժամանակ:
Երբ մեղադրյալները ներս մտան դատարանի դահլիճ, ներկաները շատ բուռն ընդունեցին նրանց: Դատավարության մասնակիցները կանգնեցին, ծափահարեցին եւ վանկարկեցին «ազատություն»: Ամբաստանյալների աթոռին հայտնված արցախյան պատերազմի մասնակիցներին անհատապես մոտեցան, նրանց ողջությունը հարցրեցին դատավարության մասնակիցները, ընկերներն ու գաղափարակիցները:
Դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մինչ քրեական գործի լսումը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց գործով վկաներին եւ անցավ մեղադրյալների ներկայացմանը: Առաջինը ներկայացավ Ժիրայր Սեֆիլյանը եւ մինչ ի պատասխան դատավորի ներկայացնում էր իր կենսագրականը, նրա փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, թե պաշտպանական կողմը բացարկ է հայտնել դատավոր Մարտիրոսյանին: Դատավորը այդ պահի դրությամբ որեւէ տեղեկություն չուներ իրեն հայտնած բացարկի մասին, ուստի 3 ժամով դատավարությունը հետաձգվեց: Փաստաբան Վահե Գրիգորյանը բացարկ հայտնելու իրենց քայլը մեկնաբանեց դատավորի նկատմամբ անաչառության կասկածներ ունենալու հանգամանքով:
Երեք ժամ հետո սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարեց, թե իրեն հայտնած բացարկի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը: Այնպես որ, դեռ չսկսված` դատավարությունը հետաձգվեց մինչեւ հուլիսի 6-ը, ժամը 15-ը:
Գ. Գ.