Երեկ հայ գործարարների համար ուսանելի նախաձեռնությամբ հանդես եկավ բջջային կապի օպերատոր «Վիվասել» ընկերությունը: Այս անգամ ընկերության բարեգործական հատկացումից կօգտվեն հատուկ կարիքներ ունեցող երեխաները: Մասնավորապես, «Վիվասելն» այդ երեխաներին հանրակրթությանը ներգրավելուն աջակցելու համար կտրամադրի 100 հազար դոլար գումար: Այդ մասին համապատասխան պայմանագիրը երեկ կնքեցին «Վիվասելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (Յունիսեֆ) Հայաստանում ներկայացուցիչ Շելդոն Յեթը:
«Սա «Վիվասելի» ոչ առաջին, ոչ էլ վերջին բարի գործն է: Մենք շարունակելու ենք աշխատել հասարակության համար: Բիզնեսի պարտականությունն է կիսել իր հացը հասարակության հետՙ իր եկամուտների մի մասը վերադարձնելով նրան», միջոցառման ունեցած ելույթի ժամանակ ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Ա. Մ.