«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2007-06-29 | #123, 2007-06-30 | #124, 2007-07-03


ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՏԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Ինչո՞ւ են թբիլիսյան հայկական դպրոցներին վերաբերվում կասկածով ու կարծրատիպերով

Հայկական դպրոցների կարեւորումն ու գործունեությունն ապահովելու մտադրությունը մեկ կազմակերպության մեջ միավորել է մարդկանց, որ մտահոգ են հայեցի կրթության, հայոց լեզվի իմացության, հայոց պատմությանն իրազեկ երեխաներ մեծացնելու հարցերով Վրաստանում, մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիում: Կրթության հանրային խորհուրդը դեռ չի գրանցվել որպես իրավաբանական անձ, սակայն հասարակական կազմակերպություն դառնալու նպատակ ունեցող այս կառույցի աշխատակիցներն արդեն սկսել են գործել:

Կազմակերպության ղեկավար Դավիթ Մանուսաջյանը այդ կառույցի ոչ եզակի անդամներից է, կազմակերպության անդամները հայկական դպրոցում սովորող երեխաների ծնողներ են: Նրա երկու դուստրերն ու որդին արդեն դպրոց են հաճախում որպես Թբիլիսիի թիվ 95 եւ թիվ 104 դպրոցների սաներ: Եվս մեկ դուստր ունի Մանուսաջյանը, որ դեռ դպրոցական տարիքին չի հասել, եւ ծնողի մտահոգությամբ ու պատրաստակամությամբ Կրթության հանրային խորհրդի ղեկավարը նախաձեռնող ու մասնակից է դարձել հայկական դպրոցների կենդանացմանը: Իր` հայոց լեզվին չտիրապետելը ամաչեցնում է Դավիթ Մանուսաջյանին, քանի որ նա համոզված է, որ հենց հայերենի իմացությամբ հնարավոր է անգամ ավելի տրամաբանական վարքագիծ ունենալ` ելնելով լեզվի ներքին տրամաբանությունից:

Իրենց խորհրդի հիմնական նպատակն, ըստ Դավիթ Մանուսաջյանի, աջակցությունն է հայկական դպրոցներին: «Դպրոցները մեր համայնքի հիմնական առանցքն են, ու առանց դրանց Վրաստանի հայությունը դանդաղորեն կմեռնի», գտնում է Մանուսաջյանը` հավելելով, որ հայկական դպրոցներն այսօր Վրաստանում գտնվում են վատ վիճակում: Ներսիսյան ճեմարանը հրաշալի օրինակ էր, կրթություն ստանալու յուրօրինակ ու բարձրորակ օջախ, որ այսօր միայն պատմական կտրվածքով է ներկայացվում:

Դպրոցները միայն տեղ չեն, որտեղ երեխաները կրթություն են ստանում հայերենով: Դրանք նաեւ փորձի, յուրօրինակ միջավայրի, սեփական անձի հանդեպ հարգանքի կրթարան են, որ հնարավորություն են տալիս մարդուն մյուսների հանդեպ լինել բարի, մեծահոգի: Հայկական դպրոցները նաեւ ավանդույթ են, որ շատ կարեւոր է ու կապում է մեզ այն ամենի հետ, ինչ ունեցել է հայ ժողովուրդը: Եվ այսօր, ըստ Մանուսաջյանի, հայի դաստիարակումը տարբեր է, երբ նրա կրթությունն է, ասենք, ռուսական:

Վերջին երեք-չորս տարում հայ համայնքում ինչ-որ աշխուժացում է նկատվում, մարդիկ վերանայում են հայկական դպրոցի հանդեպ մոտեցումը, ներգրավվում համայնքի կյանքում: Հայկական դպրոցները ֆինանսավորման խնդիրների պատճառով ունեն թերի կողմեր, բայց ամեն դեպքում դպրոցը մի օազիս է, որտեղ երեխաները անվտանգ են ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես: Հայկական դպրոցի բարձր դասարաններում չկան քրեականացված վիճակներ, հարբեցողություն եւ այլն:

Բյուջետային միջոցները, ըստ Մանուսաջյանի, բավականին սուղ են, ուսուցիչները քիչ աշխատավարձ են ստանում, նրանց ստացածից էլ դեռ հանվում են էլեկտրաէներգիայի, ջրի եւ այլ ծառայությունների վարձերը: Չնայած դրան, կան շատ ուսուցիչներ, որ շարունակում են աշխատել, դիմորդների հետ անվճար են պարապում, լեզվի դասընթացներ անցկացնում:

Կրթության հանրային խորհուրդը, նկատի ունենալով այս ամենը, ներկայումս քարոզչությամբ է զբաղված հօգուտ հայկական դպրոցների, պրոպագանդում է հայ ընտանիքներին հայկական դպրոցներ տանել երեխաներին: Նույն պայմաններն ունեցող, անգամ նույն փողոցում բնակվող հայ ընտանիքներից մեկը երեխային ուղարկում է հայկական դպրոց, մյուսը պնդում է ռուսականի առավելությունը: Եվ հետաքրքրական է, որ Դավիթ Մանուսաջյանի ներկայացմամբ, հայկական դպրոց են գնում այն երեխաները, որոնց ընտանիքներում մի քանի երեխա է: Մինչդեռ մեկ երեխա ունեցող հայ ընտանիքները նախընտրում են ռուսական դպրոցները:

Հայկական դպրոցներում աշակերտների թվի կրճատման պատճառը միայն Վրաստանից հայ ընտանիքների հեռանալը չէ կամ ռուսական դպրոց գնալը: Ընդհանուր առմամբ, երեխաներ քիչ են ծնվում: Բացի այդ, հայկական դպրոցների նկատմամբ ստերեոտիպեր կան, մտածում են, թե հայկական դպրոցը որակ չունի, ինչ-որ մնացորդ է անցյալից, ու մարդիկ չեն հավատում հայկական դպրոցի մակարդակին:

Մանուսաջյանն, իր համախոհների հետ, համամիտ չէ այս մոտեցմանը: Հայկական դպրոցում սովորում ես ինչպես հայերեն, այնպես էլ վրացերեն ու ռուսերեն, ինչը չկա մյուս դպրոցներում: Թեեւ շատ հարցերում հայերը բավականին առաջադեմ են, համակերպվում են առկա իրականությանը, բայց դպրոցի հարցում պահպանում են ստերեոտիպերը:

Այլ հարց է, որ շատերը գնում են վրացական դպրոց: Դա հասկանալի է` նկատի ունենալով ինտեգրացիոն գործընթացները: Չնայած, Մանուսաջյանի վստահեցմամբ, նույն ինտեգրացիոն գործընթացը կա նաեւ թբիլիսյան հայկական դպրոցներում, որտեղ վրացերենը բավականին լավ մակարդակով է դասավանդվում: Ավելի հաճախ վրացերենի հետ խնդիր ունեն ռուսական դպրոցների աշակերտները, քան հայկականներինը:

Ինտեգրացիան էլ իր հերթին, երբ երեխայի միջավայրը վրացախոս է ամբողջությամբ, ընթանում է շատ արագ, հասնելով անգամ ուծացման: Բացի այդ, վրացական դպրոցն իրականում պատրաստ չէ ընդունելու հայ երեխաներին, քանի որ բացասական մոտեցումներ կան հայերի նկատմամբ, որոշ դեպքերում` անգամ թաքնված ագրեսիա, որ անգիտակցաբար դպրոցից տարվում է նաեւ ընտանիքներ: Կրթության հանրային խորհրդի ղեկավարի համոզմամբ, օտարացում է սկսվում երեխաների եւ ծնողների, ավելի հաճախ` թոռների ու պապիկ-տատիկների միջեւ:

«Մենք փորձում ենք հաղթահարել հայկական դպրոցին որպես «թանգարանայինի» վերաբերվելու ստերեոտիպը: Փաստ է, որ հայկական դպրոցի շրջանավարտներն անգամ ռուսական դպրոցների համեմատությամբ ավելի լավ են տիրապետում ռուսերենին: Ստերեոտիպերի գոյության հաղթահարումն այսօր հայկական դպրոցներին առնչվող երկու կարեւորագույն խնդիրներից է` ֆինանսական գրեթե անմիջոց վիճակի հետ միասին», ներկայացնում է Դավիթ Մանուսաջյանը` ընդգծելով, որ ներկա փուլում ամեն հարց թողած զբաղվում են քարոզչությամբ: Այդ գործընթացն իրագործվում է ինչպես Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ հայկական հաղորդումների ընթացքում սեփական մոտեցումները ներկայացնելով, այնպես էլ անձնապես ընտանիքներ այցելությամբ:

Մեկ այլ ծրագիր էլ ժամանակային առումով Կրթական հանրային խորհրդի ներկա անելիքների հետ հանահունչ է. հայ երեխաներից շատերը երբեւէ չեն եղել Հայաստանում, եւ այդօրինակ այցելությունները կարող են տրամադրվածություններ ստեղծել: Եթե քարոզչությունն ընտանիքներում կարելի է իրագործել սեփական հնարավորություններով, այդքան մոտ գտնվող Հայաստան այցելությունն այնուամենայնիվ միջոցներ է պահանջում, մինչդեռ դրա ազդեցությունը անգնահատելի է:

Բաց աստի, անհրաժեշտ է հանրորեն ցույց տալ, ապացուցել, որ հայկական դպրոցը մրցունակ է, բարձր մակարդակ ունեցող, կարողանում է իրագործել իր գործառույթները եւ հնարավորություն է տալիս աշակերտներին ապագայում կիրառելի դարձնել ձեռք բերված գիտելիքները: Սա արդեն այլ մակարդակի քարոզչություն է, որ դառնում է կենսական անհրաժեշտություն, պայման, որի բավարարմամբ կարելի է խոսել հայկական դպրոցների ինչպես հետագա գոյության, այնպես էլ դերակատարության մասին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4