«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆ. «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՄԲ»

Իսկ դա հնարավոր է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ճանաչմամբ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Անցած 15 տարիներին Ադրբեջանը ոչինչ չի արել Ղարաբաղի ժողովրդի վստահությանն արժանանալու համար` դրա փոխարեն ընտրելով սպառնալիքների եւ շանտաժի քաղաքականությունը», Երեւանի ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Ադրբեջանական կողմը հակամարտության լուծման փոխարեն ներկայումս զբաղվում է քարոզչությամբ` փորձելով միջազգային հանրությանը հակամարտության կողմ ներկայացնել Հայաստանին, ուստիեւ այս իրավիճակից ելքն, ըստ Ղուկասյանի, բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցությունն է:

Միեւնույն ժամանակ, ԼՂ նախագահի խոսքերով, «Եթե մենք համոզվենք որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը, կդադարեցնենք բանակցությունների կողմ դառնալու մեր ջանքերը եւ բանակցություններն ընդհանրապես մի կողմ կմղվեն: Մեր բոլոր ջանքերը միտված կլինեն միայն այն բանին, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, արդեն առանց Ադրբեջանի: Ադրբեջանական կողմը պետք է հասկանա, որ Ղարաբաղը չի կարող հարատեւ կախված մնալ իր ղեկավարության քմահաճույքներից»:

ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ, խորապես գիտակցելով հակամարտության փաստացի եւ իրավական կողմերը, Ղուկասյանի համոզմամբ, խուսափում է այդ հարցի քննարկումներիցՙ տուրք տալով Ադրբեջանի ղեկավարության քմահաճույքներին: Ինչպես արդեն նշել է բազմիցս Արկադի Ղուկասյանը, ներկա ձեւաչափն անօգուտ է եւ առանց ԼՂՀ մասնակցության հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել:

«Համոզված ենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է սկսել միայն Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ ռազմական գործողությունների եւ զինված հակամարտության դադարեցման համաձայնագրի կնքմամբ: Իր հերթին նման համաձայնագրի ձեռքբերումը հնարավոր է միայն Ադրբեջանի եւ ԼՂ միջեւ արդյունավետ երկխոսության եւ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու շնորհիվ: Մեր տեսանկյունից Ադրբեջանը հույսեր է փայփայում, որ ԼՂՀ-ի չճանաչված լինելը կարող է խոչընդոտ հանդիսանալ վերջինի տնտեսական ու քաղաքական գոյատեւման համար, եւ դա կստիպի ԼՂ-ին կատարել Ադրբեջանի պարտադրանքներն ու գնալ միակողմանի զիջումների», նշեց Ղուկասյանը:

Նրա խոսքերով, ստեղծված անվստահության մթնոլորտում հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին: «Զիջել կարելի է գործընկերոջը, բայց ոչ թշնամուն, ոչ նրան, ով ընտրել է սպառնալիքների մարտավարությունը»: Եվ եթե Ադրբեջանը շարունակի զբաղվել քարոզչությամբ, ապա ԼՂՀ-ն «կվերանայի իր մոտեցումները»: Ա. Ղուկասյանի համոզմամբ, Կոսովոն միանգամայն կարող է օրինակ ծառայել Արցախի հիմնախնդրի լուծման համար: «Եթե Կոսովոն կարող է իրականացնել ինքնորոշման իր իրավունքը, ապա ինչո՞ւ դա չի կարող անել Ղարաբաղը. այս հարցի պատասխանը ոչ ոք չունի»:

Անդրադառնալով Ղարաբաղում սպասվող նախագահական ընտրություններին` Ղուկասյանը նախընտրական իրավիճակը գնահատեց գրեթե կատարյալ: Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Բակո Սահակյանին որպես իր նախընտրած թեկնածու նշելուց հետո ԼՂ նախագահը ընդգծեց, որ միջազգային հանրությունը եթե չճանաչի այդ ընտրությունները, չի կարող ուշադրություն չդարձնել այն փաստին, թե ինչպես են դրանք անցկացվել:

«Չնայած միջազգային հանրությունն այդ ընտրությունների արդյունքները չի ընդունում, սակայն ամենաբարձր գնահատականներն է տալիս: Թող շատ մեծամիտ չհնչի, սակայն հետխորհրդային տարածքում լավագույն ընտրություններն անց են կացվում Ղարաբաղում: Մեզ համար ժողովրդավարական գործընթացներն ամենակարեւորն են, քանի որ շատ լավ հասկանում ենք, որ այն, ինչ ներվում է ճանաչված պետություններին, չի ներվում չճանաչվածներին», նշեց Ղուկասյանը: Ըստ նրա, այս ընտրությունները եւս կանցնեն ազատ, արդար եւ թափանցիկ, եւ արդյունքում` կհաղթի ուժեղագույնը:

Իսկ իր հետագայի առնչությամբ Ղուկասյանը նշեց, որ ժողովրդի 70 տոկոսի վստահությունը վայելելով հեռանալը երջանկություն է: Ամեն դեպքում, մնալու է Արցախում եւ չի հեռանալու քաղաքականությունից: «Դժվար կլինի հեռանալ քաղաքականությունից, ինչին նվիրել եմ կյանքիս 20 տարիները»:

Ռուս-հայկական պետական համալսարանում հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը պարգեւատրվեց համալսարանի «Պատվո շքանշանով»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4