«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻՆ

Ուեմբլիում (Լոնդոն) գործող «Նոր սերնդի ձայն» հայկական կազմակերպությունից ստացված մամուլի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Թոնի Բլերի վարչապետության վերջին օրըՙ հունիսի 27-ին բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները բրիտանական խորհրդարանի առաջ ամբողջ օրը ցույց են կազմակերպել ի պաշտպանություն արդեն խորհրդարանի 144 անդամների հավանությանն արժանացած թիվ 357 նախագծին, որը ցեղասպանությունը ճանաչելու կոչ է անում: Ոստիկանությունը անհանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերել պատռելով «Ճանաչեք ցեղասպանությունը» վերտառությամբ մի հսկա պաստառ եւ մոտ կես ժամ կալանավորելով «Համերաշխություն Հայաստանի հետ» կազմակերպության տնօրենին այդ պաստառը խորհրդարանին շատ մոտ պահելու համարՙ իբր կանխելու համար որեւէ ահաբեկչական գործողություն:

Երեկոյան ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Դարֆուր եւ Հայաստան» խորագրով համաժողովՙ կազմակերպությամբ «Համերաշխություն Հայաստանի հետ», «Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբակցության», «Նոր Սերունդ հրատարակչության» եւ «Հայկական ցեղասպանության Տրաստ» ընկերակցությունների: Համաժողովի ընթացքում «Էյջիո Տրաստի» անունից դոկտոր Ջեյմս Սմիթը ելույթ է ունեցել զուգահեռներ անցկացնելով Դարֆուրի եւ հայկական ցեղասպանության միջեւ: Այնուհետեւ Ռութ Բառները խոսել է ժխտողականության հոգեբանական ազդեցությունների մասին, որից հետո Հայաստանի դեսպան դոկտ. Վահե Գաբրիելյանը անդրադարձել է ցեղասպանության ճանաչման քաղաքական ծավալներին: Համաժողովը նախագահել է «Ցեղասպանության կանխարգելման համակուսակցական խորհրդարանական խմբակցության» անդամ Ջոն Բերքոուն: Ներկա են եղել խորհրդարանականներ լորդ Էյվեբերին, լորդ Էլթոնը (Լիվերպուլից), Դեյվիդ Բարոռուզը եւ Դեյվիդ Դրոուն:

«Ցեղասպանության ճանաչումը սոսկ հայկական խնդիր չէ: Այն համամարդկային նշանակություն ունի, եւ մենք կոչ ենք անում հայերին շարունակելու այս քարոզչական պայքարը», ասել է կազմակերպիչ ընկերակցությունների կողմից Էյլիան Ուիլյամսը:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4