Արդեն երկուՙ «Վանից Դետրոյթ. Հայկական ցեղասպանությունից մազապուրծ» եւ «Հուշագրություն Արմենուհու եւ Ամիրյան ընտանիքի մասին» կենսագրական գրքերի հեղինակ, Ռամկավար Ազատական կուսակցության վետերան անդամ, Վանի հերոսական պաշտպանության ականատես, 1907 թվին Լեզք գյուղում (Վանից 3 մղոն հեռու) ծնված Սուրեն Աբրահամյանը մեզ է ներկայանում իր երրորդՙ «Հարյուրամյա ճանապարհորդություն» վերնագիրը կրող հատորով:
Թվում էր, ամեն ինչ ասված է երկու նախորդ հատորներում, բայց ոչ, շնորհիվ նրա պայծառ մտքի, անհավատալի վառ հիշողության եւ անցյալի դեպքերը պատկերավոր մանրամասնություններով նկարագրելու իր եզակի կարողության, նա բավականաչափ նյութ է կարողացել հայթայթել եւ փոխանցել իր դստերըՙ Էլիզաբեթին, որն էլ խմբագրել է այս երրորդ գիրքը: Հմուտ գրականագետ Երվանդ Ազատյանի (որը գրել է գրքի ներածականը) խորհրդով այստեղ ընդգրկվել են Սուրեն Աբրահամյանի հասարակական կյանքի ամենահատկանշական էջերը կազմող, Հայոց ցեղասպանությանը վերաբերող նամակներըՙ ուղղված ամերիկյան կառավարության եւ մամուլի ներկայացուցիչներին: Դրանք ուղեկցել են նրան գիտակցական կյանքի ամբողջ ընթացքում: Դրանցով, նաեւ բազմաթիվ հրապարակային ելույթներով եւ հարցազրույցներով նա հետապնդել է Հայոց ցեղասպանության ճանաչումը օտարների կողմից: Ավելին, հետ չմնալով ժամանակից` նա բացել է նաեւ ինտերնետային կայք (www.ArmenianGenocideSurvivor.com) հատուկ այդ նպատակի համար:
Խորապես տպավորիչ է 1926-ին Դետրոյթի Սենթրըլ հայսքուլի ավստրիական տարեգրքում տպագրված նրա «Ազատության ճանապարհին» էսսեն, որտեղ ընդամենը հինգ տարի առաջ Մ. Նահանգներ ոտք դրած պատանին (նա 14 տարեկան է եղել այդ ժամանակ), որ բոլորովին անգլերեն չգիտեր, լեզվի գերազանց իմացությամբ ներկայացնում է Վանի հերոսական մարտերը անզուգական նկարագրություններով եւ ավարտում էր շարադրանքը հետեւյալ բառերով.
«Կեսգիշերը վաղուց անցել էր, եւ մենք հեռացել էինք հովտից: Բայց մաքուր, զով եւ խաղաղ մթնոլորտում մեզ դեռեւս հետապնդում էին հրաձգության արձագանքները, որոնց ժամանակ առ ժամանակ գալիս էին միախառնվելու մահացող եւ վիրավոր մարդկանց վերջին հոգոցներն ու հառաչանքները, լքված երեխաների լացն ու տնքացող մայրերի ապարդյուն կանչը: Դրանք կարծես մեզ գոտեպնդում էին, որ շարունակենք մեր ճանապարհը դեպի ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, որպեսզի կարողանայինք մեր վրեժը լուծել»:
Երկու հարյուր երեսուն էջանոց գիրքը բաղկացած է 12 գլուխներից. «1915 թվի մի մասունք Վանից», «Իմ պատմությունը: Հարյուր տարի», «Մտորումներ իմ կենսագրության («Վանից Դետրոյթ» գրքի) վերաբերյալ», «Տեր Ստեփանյանները, Մելիքյանները եւ մայրիկս», «Այց Հայաստան», «Այց Լեզք գյուղ», «Ավարտական խոսքՙ ազատության ճանապարհին», «Ելույթներ Հայոց ցեղասպանության շուրջը», «Երկու ելույթ ցեղասպանության մասին», «Նամակներ քաղաքագետներին եւ մամուլին», «Րաֆֆու գիրքըՙ «Հատկանշական վերածնունդ: Դետրոյթաբնակ հայերի վաղ պատմությունը» եւ «Հուշագրություն Արմենուհու եւ Ամիրյան ընտանիքի մասին» գրքի վերաբերյալ մտորումներ»:
Գրքի վերջին մասում ներկայացված են բազում հիշարժան նկարներ ընտանեկան ալբոմից:
«Ջահը փոխանցվում է» խորագրով վերջաբանում հարյուրամյա հուշագրողը հպարտությամբ նշում է, որ իր զավակներն ու թոռներն ակնածանքով ու նվիրվածությամբ շարունակում են իր սկսած գործը:
Գիրքն ունի պատմական եւ ուսուցողական մեծ արժեք:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ