Թափոնների վերաբերյալ պետական համակարգված ծրագրեր առայժմ չկան
«Էկոհայաստան» դաշինքի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակ, «Հայաստան ծառատունկ» բարեգործական հիմնադրամ, «Հայաստանի անտառներ», «Էկոլուր» ՀԿ-ներ եւ այլն), ՄԱԿ-ի գրասենյակում երեկ կազմակերպված կլոր սեղանը նվիրված էր էկոլոգիական համեմատաբար քիչ արծարծվող խնդրի` թափոններին:
Երեկ դաշինքը նաեւ ներկայացրեց «Վեմ մեդիա արվեստներ» ստուդիայի հեղինակած կենցաղային ու արդյունաբերական թափոններին նվիրված մի ֆիլմ, որը նրա ակնկալիքներով, պրոբլեմի վերաբերյալ հանրային քննարկումների սկիզբ պիտի դնի:
Հայաստանում թափոնների վնասազերծման կամ ուտիլիզացիայի հարցերն առայժմ համակարգված լուծումներ չեն ստացել, ժամանակ առ ժամանակ մասնակի, անհատական նախաձեռնությունների միջոցով վտանգի սպառնալիքից ազատվելու փորձեր են արվում: Այն ժամանակ, երբ նախկին Խորհրդային Միությունում առաջին անգամ բարձրացավ պեստիցիդների վտանգի հարցը եւ արգելվեց DDT-ի օգտագործումը, 1982 թվականին Հայաստանում եւս թունաքիմիկատների դամբարան կառուցվեց: Այն դարձավ հանրապետության բոլոր պահեստներում մնացած DDT-ի գերեզմանոց: Վերջինիս կայունության ու ավերիչ գործողությունների մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք:
Տարիներ առաջ մեր փորձագետներն այն հայտնաբերեցին նույնիսկ մայրական կաթի մեջ, ուր թափանցել էր սննդի միջոցով: Դամբարանը կառուցվել է խիստ աննպաստ վայրում, Ողջաբերդի տարածքում, որը գործուն սողանքային գոտի է:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Լիլիկ Սիմոնյանը տեղեկացրեց, որ իրենց հետազոտությունների համաձայն, թունաքիմիկատների բարձր պարունակություն է հայտնաբերվել բնահողի մեջ: Գերեզմանոցն ինքը նախկին տեղանքից 10 մ ներքեւ է իջել եւ տարածվել է 50մ մակերեսի վրա: Ժամանակին այստեղ թաղվել են ընդհանուր առմամբ 500 տոննա թունավոր նյութեր: Բարեբախտաբար, գերեզմանոցը գտնվում է սարի լանջին, այնպիսի տեղադրությամբ, որ բավական հեռու է գրունտային ջրերից, եւ համաձայն հետազոտությունների, չի աղտոտել դրանք:
Սողանքագետ Ռուբեն Յադոյանն էլ իր կողմից ավելացրեց, որ հողի մեջ թաղված նյութերն իրենց հերթին ակտիվացրել են սողանքը, եւ դրա մեջ սողանքային նոր օջախ է առաջացել: Իսկ Ողջաբերդի սողանքը, հայտնի է, տարիների հետ ակտիվանում է: Եթե այն շատ առաջ գնա, արդեն կսպառնա Էրեբունի արգելոցին եւ շրջակա առանձնատներին: Հիշեցնենք, որ արգելոցը եզակի է նույնիսկ համաշխարհային առումով: Հայաստանն ընդհանրապես համարվում է վայրի ցորենի, ասել է թե` հացի ու հացահատիկի հայրենիքը, իսկ վայրի ցորեն ռուս գիտնական Վավիլովն առաջին անգամ հայտնաբերել է արգելոցի տարածքում:
Առայժմ հասարակական կազմակերպությունը հիմնախնդրի դեմ պայքարի միակ ուղին տեսնում է կառավարությանը հերթական նամակ հղելու քաղաքականության մեջ: Նա առաջարկում է գերեզմանոցը տեղափոխել առավել անվտանգ տարածք, բայց քանի որ դա միլիոնավոր դոլարների հետ է կապվում (ըստ հաշվարկների տեղափոխման համար անհրաժեշտ է 1,5-2 մլն եվրո), ինքն էլ հասկանում է, որ անխոցելի պատի է բախվում:
Խնդրի լուծման մյուս տարբերակը, սողանքային գոտու ժամանակավոր ամրացումը, նույնպես հսկա ֆինանսների հետ է կապվում: Այնպես որ, առայժմ ՀԿ-ի համառ գործունեությունից հասարակության շահը դառնում է միայն նրա իրազեկվածությունը:
Երեւանում թափոնների մյուս պահեստարանը Նուբարաշենի աղբանոցն է` 52,3 հա տարածքով, 38 մ խորությամբ եւ 7 մլն տոննա աղբով:
Տասնյակ ընտանիքներ, ինչպես 10-15 տարի առաջ, շարունակում են կերակրվել աղբավայրի «օգտակար հանածոներով»: Նրանցից շատերը բուհական իրենց դիպլոմը տարիներ իրացնում են այստեղ, աղբի բազմասեռ զանգվածից ակնթարթորեն առանձնացնելով այն, ինչ կարելի է օգտագործել, ինչ կարող է օգուտ տալ կամ վաճառվել: Պլաստիկ թափոնները կենցաղային աղբի մոտ 30 տոկոսն են կազմում, եւ դրանցից ազատվել հնարավոր է բացառապես վերամշակման ճանապարհով:
Աղբավայրը մշտապես ծխում է` օդ նետելով շմոլ գազ, ածխաջրածիններ, դիօքսիններ, ցիանիդներ: Ճապոնական «Շիմիզու» ընկերությունը մտադիր է այստեղ կառուցել հատուկ կայան, հորատանցքեր փորել եւ մեթանն օգտագործել էլեկտրաէներգիա ստանալու համար: Դա աղբավայրից կենսագազի օգտահանման եւ էլեկտրաէներգիայի արտադրության վերաբերյալ նախագիծ է, որի արժեքը 8 մլն ԱՄՆ դոլար է: Եթե այն իրականացվի, նախատեսվում է 16 տարվա ընթացքում 100 հազար տոննայով կրճատել մեթանի արտանետումները մթնոլորտ:
Ասենք, որ միջազգային շուկայական գներով 1 տոննա մեթանի արտանետումների կրճատումը նստում է 100 դոլար:
Հայաստանում արդյունաբերության անկումից հետո հանրապետությունն ազատվեց աղտոտումների մեծ չափաքանակներից: Նույնիսկ այն պայմաններում, երբ ձեռնարկությունների մեծ մասը մաքրման կայաններ ու սարքավորումներ ուներ: Այսօր կրկին գործող ձեռնարկությունների 99 տոկոսը մաքրման կայանքներ չունի: Դրանք կամ լիովին թալանվել են, կամ հիմնիվեր վերակառուցումների կարիք ունեն:
Այսօր միայն Երեւանի կաշվի գործարանն է, որ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ (արժեքը` 500 հազար դոլար), կառուցել է այդպիսի կայանք: Կաշվի հումքի վերամշակման ժամանակ օդի ու ջրի հավանական աղտոտվածության մասին պատկերացում ունենալու համար միայն ասենք, որ 1 տոննա հումքի մշակման ժամանակ անջատվում են տասնյակ կգ-ներով օճառ, կիր, ծծմբային նատրիում, սինթետիկ ներկանյութեր եւ այլն: Կաշվի գործարանից բացի Երեւանում գործում են կաշվի արտադրության եւս 15 արտադրություններ, առանց մաքրման կայանների:
Շարունակում է անլուծելի մնալ ժամկետանց դեղերի թաղման ու ոչնչացման խնդիրը, որի համար դարձյալ ահռելի ֆինանսներ են պետք: Կան նաեւ այլ, կենսաբժշկական թափոններ, որոնք նույնչափ, կամ գուցե ավելի վտանգավոր են: Դրանք արյան փոխներարկման սրսկիչներն են, որոնք աննշան հպումի դեպքում կարող են վարակի աղբյուր դառնալ, մարդկային վիրահատված մարմնի առանձին մասեր, որոնք շատ հաճախ պարզապես լցվում են աղբանոցները: Իսկ սրանք շների ու թափառաշրջիկների սիրած վայրերն են:
Ուրախալի է, որ վերջապես, երկար տարիների խոսակցություններից հետո Երեւանում կենսաբժշկական թափոնների մասնագիտացված հրկիզարան կառուցվեց: Այստեղ ամեն օր տեղափոխվում է միջին հաշվով 100 կգ կենսանյութ, որը վերամշակվում է մի քանի ժամվա ընթացքում:
Առաջիկայում նախատեսվում է հրկիզարանում կառուցել մինչեւ 1000 աստիճան ջերմությամբ վառարան: Այսինքն, այդ դեպքում նաեւ ժամկետանց դեղերից ազատվելու հնարավորություն կստեղծվի:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ