«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ՊՈԼՍԱՀԱՅ «ՄԱՐՄԱՐԱ» ՕՐԱԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԻ ԵՐԵՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆՇՎԵՑԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Ազգային գրադարանի դահլիճը երեկ լեփ-լեցուն էր հայաստանյան լրագրողական, գրական եւ մշակութային բնագավառի ներկայացուցիչներով, ստեղծագործական միությունների ղեկավարներով, անվանի մարդկանցով, ովքեր եկել էին մասնակցելու միանգամից երեք հոբելյանների: Ազգային գրադարանի տնօրենության նախաձեռնությամբ նշվեց պոլսահայ «Մարմարա» օրաթերթի խմբագրապետ, գրականության եւ հայ պարբերական մամուլի երախտավոր, մշակութային ու հասարակական նշանավոր գործիչ Ռոբեր Հատտեճյանի երեք հոբելյանները` ծննդյան 80, գրական գործունեության 60 եւ «Մարմարա» թերթի խմբագրապետության 40-ամյակները: Մինչ դահլիճում կազմակերպված գրական-գեղարվեստական հանդիսության սկիզբը, մասնակիցների համար գրադարանի նախասրահում կազմակերպվել էր Ռոբեր Հատտեճյանի թերթերի, գրական ստեղծագործությունների նմուշների, ինչպես նաեւ այլ թերթերում նրան նվիրված հրապարակումների ցուցահանդես:

«Մեկ օր է Երեւանում եմ, եւ հրաշալի տպավորություններ ունեմ` չնայած որ օդը շոգ է: Այս անգամ Երեւանը հրաշալիորեն փոխված տեսա` հատկապես գիշերային Երեւանը` սքանչելի գույներով: Այն տպավորությունը ստացա, որ ժողովուրդը` հակառակ խոշոր դժվարություններու, տակավին կհաջողի այսքան կենդանի, զվարթ պահել հայրենիքը», մինչ դահլիճ մտնելը լրագրողներիս ասաց Ռոբեր Հատտեճյանը` միաժամանակ անդրադառնալով լրագրողներիս աշխատանքի կարեւորությանն ու խրախուսելով այն: Ռոբեր Հատտեճյանը խոսեց նաեւ Թուրքիայում թերթ հրատարակելու մասին` նախ նշելով, որ Թուրքիո մեջ հայերեն թերթ հրատարակելու իրենց իրավունքը Լոզանի դաշնագրով է ամրագրված, հետո էլ հավելելով, որ իրենց թերթին բաժին են ընկնում այն դժվարությունները, ինչը հասնում է Թուրքիայում հրատարակվող մյուս թերթերին (նկատի ունի գրաքննությանն առնչվող դժվարությունները):

Լեփ-Լեցուն դահլիճում պոլսահայ խմբագրին եւ մտավորականին դիմավորեցին ջերմ ծափողջյուններով, իսկ մեծարման ցերեկույթը վարող Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն էլ անընդհատ միկրոֆոնի մոտ էր հրավիրում ելույթի խոսք ունեցողներին: Ջերմ խոսքերը, 80 տարիների վաստակը, գրական եւ լրագրողական աշխատանքի մասին հնչող գնահատանքի խոսքերը շատ էին: Շատ էին նաեւ Ռոբեր Հատտեճյանին շնորհավորելու եւ նվերներ հանձնելու ցանկություն ունեցողները: Տեր Անդրեաս քահանա Իսախանյանը ներկայացրեց Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձը, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը «Մարմարա» թերթում 40-ամյա ծառայության, գրական ակնառու գործերի համար Ռոբեր Հատտեճյանին պարգեւատրեց մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալով: Ռոբեր Հատտեճյանին շնորհավորական ուղերձ էր ուղարկել նաեւ Գյումրիի քաղաքապետը, մշակույթի նախարարը: Հայաստանի ազգային գրադարանը խմբագրին, գրողին եւ խմբագրապետին պարգեւատրեց Հակոբ Մեղապարտի մեդալով, Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` ԳՄ մեդալով: Լեզվի պետական տեսչության ղեկավար Լավրենտի Միրզոյանի պատվոգիրը Ռոբեր Հատտեճյանին տրվեց` ի գնահատանք սփյուռքում լեզվի պահպանման գործում ունեցած ավանդի: Նվերներ, գրքեր ու հուշամեդալներ տրվեցին նաեւ Երեւանի պետական համալսարանի, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության, ժուռնալիստների միության, «Գլխավոր ոզնի» Արամայիս Սահակյանի, Հրաչյա Մաթեւոսյանի եւ շատ այլոց կողմից:

Շնորհակալական խոսքում Ռոբեր Հատտեճյանը հուզմունքով գնահատանքի խոսք ասաց իր հասցեին հնչած բարի խոսքերի համար` ընդգծելով, որ դրանք իր համար ավելի կարեւոր են, քան իր ստացած բազմաթիվ պարգեւներն ու մրցանակները: Նշելով, որ ինքը գրքի մարդ է եւ անցել է գիրքը սիրելու բոլոր ձեւերի միջով` ուրախություն հայտնեց, որ իր համար այդչափ լավ հոբելյանները նշվեցին Ազգային գրադարանում: «Տարիքս 80 է, մի հպարտանալու բան չէ, այդ մասին չեմ ասում, մշակույթին ծառայելու 60 տարին ինձ համար բնական պարտականություն է, իսկ «Մարմարա»-ի խմբագրապետությունը Աստծո կողմից ինձ տրված մեծ պատիվ է: Եվ ես ուրախ եմ, որ այս հոբելյանները նշվեցին Ազգային գրադարանում», հավելեց Ռոբեր Հատտեճյանը:

Միջոցառման երկրորդ մասը գեղարվեստական հատվածն էր, որտեղ ելույթ ունեցան ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը, պոլսահայ ասմունքող Սիլվա Կոմիկյանը, երգչուհի Մանիկ Գրիգորյանը, ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը եւ այլք:

Ի դեպ, մինչ երեկվա հանդիսությունը Ռոբեր Հատտեճյանի հոբելյանները նշվել են նաեւ Ստամբուլում, որին մասնակցել են նաեւ հայրենի մտավորականներ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4