«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2007-06-30 | #124, 2007-07-03 | #125, 2007-07-04


ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ԲՅՈՒՐԱՍՏԱՆՈՒՄ

Լեռ Կամսարի առավելությունն այն է, որ նա մահացել է: Հույս ունեմ, որ մի օր բնականաբար ձեռք կբերեմ այդ առավելությունը: Որպեսզի բնականաբար ձեռք բերեմ այդ առավելությունը, պետք է արհեստականորեն աճեմ: Որպեսզի արհեստականորեն աճեմ, պետք է մի արհեստ սովորեմ: Որպեսզի կարողանամ արհեստ սովորել, ինձ ապրելու երկար ժամանակ է պետք: Քանի որ այդպիսի ժամանակ չունեմ իմ տրամադրության տակ, ուստի նախընտրում եմ արՎեստս բանեցնել: Ես իմ արվեստին հարց եմ տալիս. մարդ ի՞նչ պետք է անի, երբ ապօրինություններով է շրջափակված: Արվեստս պատասխանում է.- Պետք է տասը րոպեն մեկ անգամ գլուխը բարձրացնի եւ նայի օրենսդիր մարմնի գլխատառին, պետք է այդ գլխատառ «Օ»-ն օղ անի իր քթին, -պետք է այդ գլխատառից շատ Չկախվի, որպեսզի Չխեղդվի,- վիզն ուղիղ պահելու փոխարեն պետք է ծռի,- պետք է անցնի օրինազանցների ոչ գաղութային ճամբարը,- պետք է կերած ապուրը ապօրինաբար բաժանի ոչ-աղքատներին,- պետք է սղոսկի գրված օրենքի ճեղքերի արանքը,- հանցանքը կուլ տալուց առաջ, պետք է մարսական ձեւի մեջ լինի,- հարկային տեսուչի տեսողությունը թուլացնելու համար պետք է նրան մուգ ապակիներով ակնոց առաջարկի,- պետք է ձեռնբաց լինի չինովնիկի ձեռքը սեղմելիս,- պետք է վերադասի կնոջն ուղարկի Թայվանի լողափ չինարեն սովորելու,- թռչնավայել պետք է թռցնի եւ ճանկել սովորեցնի իր ճուտերին, որ փետրաթափ լինելու դեպքում գոյատեւի պահպանված ավանդույթի շնորհիվ, պետք է կոկորդիլոսային արցունքները խառնի իր ախորժակի լորձունքներին,- պետք է վերանայի թվաբանության գործողությունները, իր համար ավելի շատ գումարի, ուրիշից ավելի շատ հանի, իր համար ավելի շատ բազմապատկի, խեղճերին ավելի քիչ բաժանի,- պետք է փողով կապի փողավորի փողկապը... Ասում են, թե գրողի հարցեր է բարձրացնում, բայց պատասխաններ Չի տալիս: Ես մի հարցը բազում պատասխաններով շրջափակման մեջ եմ վերցնում, որովհետեւ հակաԳրելի եմ: Սովետի օրոք Օրենքի գործարանը նույնպես հակաէկոլոգիական էր, բայց մեռածի հետեւից վատ Չենք խոսում: Այն ժամանակ հրահանգում էին` հուրն ի բերան. «Նախ քաղաքացի, հետո պոետ»: Ազատության դատապարտվելուց հետո` շրջանառության մեջ մտավ «Նախ անհատականություն, հետո պոետ»: Վերջը խեղճացանք եւ շշնջացինք «նախ կենդանի, հետո պոետ». Տըզ, հա տըզ,- ի՞նչ են ուզում ինձանից կրկնակի կենդանի ճանճերը: Չգիտե՞ն, որ կուզիկին միայն գերեզմանն է ուղղում. տզրուկները երբ կենդանության կերպով են, որ իրենց տզում են: Լեռ Կամսարը նույնպես պատասխաններ էր պահեստավորում հետմահու արվելիք հարցերին:

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4